10 Նոյ
2024
3.6° c ԵՐԵՎԱՆ
-0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս-ուկրաինական հակամարտության առաջին օրերին Զելենսկին թաքնվել էր. Ստոլտենբերգ

Ռուս-ուկրաինական հակամարտության առաջին օրերին Զելենսկին թաքնվել էր. Ստոլտենբերգ

Ուկրաինան հնարավոր է ստիպված լինել հրաժարվել այն տարածքներից, որոնք կորցրել է Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում: Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ 

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է օգնի ստեղծել պայմաններ, որոնց դեպքում Ուկրաինան կարող է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ ընդունելի պայմաններով։

«Ֆինլանդիան 1939 թվականին քաջությամբ պայքարում էր Խորհրդային Միության դեմ: Ֆինները Կարմիր բանակին հասցրեցին ավելի մեծ վնաս, քան նրանցից սպասվում էր: Պատերազմն ավարտվեց այնպես, որ նրանք զիջեցին իրենց տարածքի 10%-ը, սակայն ապահովեցին անվտանգ սահման»,- ասել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ խորհուրդ կտար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, եթե սկսվեին խաղաղ բանակցություններ Մոսկվայի և Կիևի միջև:

ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարի խոսքով՝ այս ուղղությամբ առաջընթաց հնարավոր է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո:

«Ընտրություններից հետո կարող է առաջանալ նոր իմպուլս, նոր փորձ իրավիճակը շարժելու համար, բայց չեմ կարծում, որ խոսքը սպիտակ դրոշ պարզելու և հանձնվելու մասին կլինի: Սա կարող է լինել դաշտում իրավիճակը փոխելու փորձ, միաժամանակ ապահովելով առաջխաղացում բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն մեզ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որոնց դեպքում նրանք կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի հետ և ստանալ այն արդյունքը, որը թույլ կտա նրանց մնալ անկախ պետություն», – ասել է նա:

Ստոլտենբերգը նշել էր նաև, որ ռուս – ուկրաինական պատերազմի առաջին օրերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ չէր հաջողվում կապ հաստատել։ Նա թաքնվել էր բունկերում և սպասում էր, որ իրեն կլիկվիդացնեն։