
ՀՀ-ն իրեն հասու ողջ գործիքակազմով պետք է պաշտպանի իր տարածքը. ԱԳՆ փոխնախարար
Հայաստանը, ինչպես և նախկինում, շարունակում է կառուցողականորեն տրամադրված լինել և ներգրավված լինել բանակցություններում․ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին՝ Կոստանյանը նշել է, որ դրանք միտված են տարածաշրջանում էսկալացիոն ֆոնի ապահովմանը։
«Հայաստանի Հանրապետությունը չի տրվելու նման սադրանքների և մենք շարունակելու ենք կառուցողական տրամադրված լինել բանակցային գործընթացում։ Բնականաբար, Հայաստանի Հանրապետությունը իրեն հասու ողջ գործիքակազմով, թե՛ դիվանագիտական և ոչ միայն, պիտի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Կոստանյանը։
Դիտարկմանը՝ թե տարածքային ամբողջականությունը պիտի պաշտպանի նաև ռազմակա՞ն ճանապարհով, փոխնախարարն ասել է․ «Հայաստանի Հանրապետությունը իրացնում է իր սուվերեն իրավունքը և զարգացնում է իր պաշտպանական կարողությունները։ Ինչպես և նախկինում նշվել է, մենք մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ հարձակողական բնույթի գործողություններ իրականացնելու որևէ մտադրություններ չունենք։ Ինչ վերաբերվում է այսպես կոչված զինատեսակների մրցավազքին, որին ըստ էության ականատես ենք լինում տարածաշրջանում, այս խնդրի հասցեագրման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին առաջարկել է ստեղծել փոխադարձ սպառազինությունների վերահսկողության մեխանիզմ, և այս առաջարկը ուժի մեջ է մնում մեր կողմից»։