
Փաշինյանը փորձում է վարկաբեկել իր հակառակորդներին․ միջազգային հեղինակավոր պարբերականների անդրադարձը Եկեղեցու դեմ արշավին
Հայ առաքելական եկեղեցու ազդեցիկ եպիսկոպոսը մեղադրվում է քաղաքացիներին հանրային հավաքներին մասնակցելու հարկադրելու համար՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատների դեմ ուղղված ձերբակալությունների շարքի վերջին դեպքի շրջանակում․ գրում է Associated Press-ը։
Ինչպես նշվում է, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը մեղադրվում է նաև իր պաշտոնն օգտագործելու միջոցով խոշոր չափի յուրացման և ընտրական իրավունքը խոչընդոտելու համար։
Հայ առաքելական եկեղեցին, որի առաջնորդները մեծ մասամբ դեմ են Փաշինյանին, դատապարտել է ձերբակալությունն ու կալանքը՝ որպես իր դեմ համակարգված արշավի մաս։ «Կա Եկեղեցու բնականոն գործունեությունը խոչընդոտելու ակնհայտ չարամիտ մտադրություն»,- գրել են սոցիալական ցանցերում։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել Պռոշյանի նկատմամբ, այն բանից հետո, երբ հոգևորականներից մեկը մեղադրել է Եկեղեցուն 2021 թվականին իշխանությունների դեմ հանրահավաքներին մասնակցելու համար իր անդամների վրա ճնշում գործադրելու համար։ Նա նաև մեղադրել է Պռոշյանի թեմի անանուն ավագ հոգևորականներին կոռուպցիայի և չարաշահումների համար։
Պռոշյանի կալանքը վերջին ամիսներին հայ ազդեցիկ հոգևորականների դեմ ուղղված աղմկահարույց ձերբակալությունների շարքի վերջին դեպքն է՝ իր քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու Փաշինյանի փորձերի ֆոնին: Հունիսին ձերբակալված արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը դատապարտվել է երկու տարի ազատազրկման՝ Կառավարությունը տապալելու կոչ անելու համար մեղավոր ճանաչվելուց հետո:
Փաշինյանը բազմիցս կոչ է արել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին հրաժարական տալ՝ մեղադրելով, որ նա զավակ ունի՝ չնայած կուսակրոնության երդմանը: Պռոշյանը Գարեգին Բ-ի քրոջ որդին է:
Associated Press-ը հիշեցնում է, որ Փաշինյանի և Եկեղեցու հարաբերություններն արագորեն վատթարացել են 2024 թվականի ապրիլից ի վեր, երբ տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջել են նրա հրաժարականը, քանի որ Հայաստանը համաձայնել էր մի քանի սահմանամերձ գյուղերի վերահսկողությունը հանձնել Ադրբեջանին։
Շատ հոգևորականներ, այդ թվում՝ «Սրբազան պայքար» շարժման հետ կապված անձինք, կտրականապես դեմ են արտահայտվել գյուղերի հանձնմանը: Չնայած տարածքային զիջումը շարժման հիմնական հարցն էր, այն ներառում էր բազմաթիվ բողոքներ Փաշինյանի դեմ։
Deutsche Welle-ն գրում է, որ հոգևորականների դեմ ճնշումները տեղի են ունենում Կառավարության և Եկեղեցու միջև լարվածության աճի ֆոնին, քանի որ երկիրը պատրաստվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: Եկեղեցին, որը վայելում է հանրային բարձր աջակցություն, ավելի ու ավելի է ստանձնում ընդդիմադիր դեր, իսկ հոգևորականներն ավելի ակտիվորեն են ներգրավվում քաղաքականության մեջ։
Որոշ վերլուծաբաններ Փաշինյանի ներկայիս պահանջները համարում են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Եկեղեցուն՝ որպես ընդդիմադիր ուժի չեզոքացնելու և ավելի համակրելի Եկեղեցու առաջնորդ նշանակելու փորձ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանները խոստացել են բողոքարկել դատարանի որոշումը, որը շատ դիտորդներ համարում են քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Նրանց գնահատականները հիմնված են այն փաստի վրա, որ իշխանությունները նախկինում որևէ հիմք չէին տեսնում Աջապահյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։
«Հանցագործությունը կա՛մ գոյություն ունի, կա՛մ ո՛չ. դատախազությունը չի կարող մի դեպքում որակել, որ քրեական տարր չի հայտնաբերվել, իսկ մեկ այլ դեպքում, եթե դա նպատակահարմար է, դիտարկումները դնել քրեական գործի հիմքում»,- DW-ի հետ զրույցում նշել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։
Հարցին անդրադարձել են նաև այլ հեղինակավոր պարբերականներ՝ Washington Post-ը և Reuters-ը՝ ընդգծելով, որ ազդեցիկ եպիսկոպոսը կալանավորվել է Եկեղեցու նկատմամբ կառավարության ձեռնարկած գործողությունների արդյունքում։


