
Գարեգին Բ-ի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք
Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք. հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Կարգի համաձայն՝ հավատացյալների երկրպագության համար դուրս էր բերվել նաև Սկևռայի սրբոց մասանց պահարանը։
Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբաններ և ուխտավոր հայորդիներ:
Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը:
Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք՝ հանդիսապետությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի:
Ներկաներն աղոթք բարձրացրին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաև Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության և բազմամյա գահակալության համար:


