
Բագրատ սրբազանի հարցերը ՀՀ գլխավոր դատախազին
Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին փոխանցեց Բագրատ սրբազանի հարցերը՝ ուղղված նրան․
«Բագրատ սրբազանը մի քանի հարց ունի․
Առաջին՝ 2025 թվականի հուլիսի 7-ին գլխավոր դատախազը խորհրդարանի ամբիոնից և Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ ասել է՝ քննության շրջանակում փորձաքննություն իրականացվում է, այդ թվում՝ ձայնային համընկնումները ստուգելու նպատակով։
Հարց՝ արդյոք այդ, այսպես կոչված, գաղտնալսումները փորձաքննության ենթարկվե՞լ են, թե՞ ոչ, արդյոք կարո՞ղ եք ասել՝ դրանք մոնտաժվա՞ծ են, թե՞ ոչ, քարոզչական նպատակներով կեղծվա՞ծ են, թե՞ ոչ։
Երկրորդ՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ մեղադրական եզրակացության մեջ և դրանից դուրս գտնվող, այսպես կոչված, գաղտնալսումների շուրջ 50%-ի մասով գրված է՝ չի լսվում․ չի լսվում, քանի որ որևէ մի կառույցի կողմից միջամտությո՞ւն է եղել այն միտումնավոր ջնջելու, թե՞ իսկապես չի լսվում։
Ինչի՞ն է վերաբերում հանրահայտ «2 հոգու գյուլելու և 15 հոգու բանտ դնելու» այդքան չարչրկված արտահայտությունը, արդյոք այն առնչություն ունի՞ Ձեր բնութագրած ահաբեկչության հետ, որն այնքան մեծ սիրով և ջանասիրությամբ դարձրիք որպես այս գործի առանցքը, որի մասին առանց վարանելու Հանրայինով խոսել է նաև ձեր վարչապետը։
Հուսամ՝ այս անգամ, ինչպես նշեցիք, քաջություն կունենաք ուղիղ և հստակ պատասխանելու վերոնշյալ հարցերին և ինքներդ ձեզ կփորձեք ազատագրել կեղծիքի և ստի բեռից։
Ամփոփեմ․ եթե այս անգամ ևս հատուկ և ուղիղ բացատրություն չտրվի գլխավոր դատախազի, հետո նաև Քննչական կոմիտեի ղեկավարի կողմից, ապա վերստին կհաստատենք, որ դուք պարզապես կեղծիք գործած, զրպարտիչ հանցագործներ եք, որոնք պարզապես քաղաքական նպատակահարմարության և հրահանգավորման պատճառով 15 հոգու կյանքը, պատիվն ու հեղինակությունն են ցանկացել վնասել, որն անշուշտ չի հաջողվել և չի հաջողվի։
Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան»։
Ի դեպ, Մանուկյանը տեղեկացրեց, որ Սրբազանի փաստաբանը միջնորդել է դատարանին, որպեսզի որպես վկա դատախազը ևս ներկայանա դատարան։


