
Որքա՞ն գումար է հատկացվել Հայաստանում եվրոպացի պաշտոնյաներին ընդունելու համար․ վարչապետի աշխատակազմից պատասխանել են ABC Media-ի հարցմանը
1.6 միլիարդ դրամ կամ ավելի քան 4.3 միլիոն դոլար է ծախսվել ՀՀ բյուջեից՝ Եվրոպական քաղաքական համայքի գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքների համար. ABC Media-ի գրավոր հարցմանը պատասխանել են վարչապետի աշխատակազմից։
Կազմակերպական աշխատանքները հերթական անգամ պատվիրակվել են «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությանը, որն ի դեպ, որպես հոնորար 48 միլիոն դրամ է ստացել։ Հիշեցնենք՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն 2018-2022 թվականներին պետական տարբեր մարմինների հետ կնքել է 14 պայմանագիր, որոնցից 12-ը՝ առանց մրցույթի։
ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակում 63 միլիոնով վարչապետի աշխատակազմը վարձել է Մարզահամերգային համալիրը։ Բայց սա ամենը չէ։ 1․6 միլարդից ամենախոշոր ծախսերը եղել են 280 միլիոն մարզահամերգային համալիրի տեխնիկայի, 264 միլիոն համալիրի դահլիճների տեղաբաշխման, 120 միլիոն բացման հանդիսավոր արարողության համար, առանձին 102 միլիոն էլ բացման գույքն ու տեխնիկան ապահովելու համար։
Եվրոպացի հյուրերի ընթրիքն ու ճաշի համար մատուցված ֆուրշետը «Դվինի» հանդիսությունների սրահում, ինչի համար ՀՀ բյուջեից 24 միլիոն դրամ է ծախսվել։ Իսկ պաշտոնական ընթրիքի մշակութային և տեխնիկական մասն ապահովելու համար 72 միլիոն է տրամադրվել։
Մարզահամերգային համալիրում ևս ճաշ է մատուցվել՝ պատվիրակությունների և պատվիրակությունների ղեկավարների համար։ Ընդհանուր ծախսը 58 միլիոն է կազմել, որին գումարվում է ԶԼՄ ներկայացուցիչների համար մատուցված սնունդը, միասին՝ մոտ 80 միլիոն։
Վարչապետի աշխատակազմից մեզ տրամադրեցին միայն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի համար արված ծախսերը։ Պայմանագիրը «Ֆակտորի Փրոդաքշնի» և վարչապետի աշխատակազմի միջև 2026-ի հունվարի 19-ին է կնքվել, գումարը վճարվել է 3 մասով։
Իսկ թե որքան գումար է ծախսվել Հայաստան ժամանած պատվիրակների կացության, սնունդի և այլ առանձին ծախսերը հոգալու համար, աշխատակազմից որակեցին պետական գաղտնիք։


