17 Հուլ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արարատցեմենտի» գործարանը լինելու է պետական․ Փաշինյանի հայտարարությունից երկու ամիս անց Ծառուկյանը զրկվեց գործարանից

«Արարատցեմենտի» գործարանը լինելու է պետական․ Փաշինյանի հայտարարությունից երկու ամիս անց Ծառուկյանը զրկվեց գործարանից

«ԲՀԿ ղեկավար Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ «Արարատցեմենտ» գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը»,- քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 20-ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի այդ հայտարարությունից 58 օր անց «ԱրարատՑեմենտ» ընկերությունը հանձնվեց կառավարությանը։

«Մարդիկ ուզում են Հայաստանի Հանրապետությունում տեսնել կարգ ու կանոն, ուզում են տեսնել արդարություն և արդարադատություն»,- արդեն Կառավարությունում՝ հուլիսի 9-ին ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Բայց մարդիկ տեսնում են փակվող գործարաններ, որոնք խլում են սեփականատիրոջից, արձագանքում է ԲՀԿ–ական Արման Աբովյանը։

«Մենք շատ ակնհայտ նեոթուրքական բանդիտիզմի դրսևորում են տեսնում, երբ որ մարդուն իր կարծիքի համար կամ միայն նրա համար, որ ինքը հայ է, փորձում են տնտեսական լծակներով ունեզրկել և այլն»,- ասել է Արման Աբովյանը։

Բացի «Արարատցեմենտ» գործարանից դատախազությունը Գագիկ Ծառուկյանից պահանջում է բռնագանձել տասնյակ անշարժ գույքեր, տրանսպորտային միջոցներ և ավելի քան 105 միլիարդ դրամի գույք ու միջոցներ։

«Կհիշե՞ք՝ Ցեղասպանության ժամանակ հայ գործարարների նկատմամբ նույն քայլերն էին իրականացնում։ Ուղիղ համեմատական է անցնում։ Երբ խոսում են «պետականացման» մասին, հետաքրքիր է՝ ո՞ր պետության մասին են խոսում, ի՞նչ պետության մասին է խոսքը գնում, սա վստահաբար Հայաստանի Հանրապետությանը ձեռնտու չէ, ՀԷՑ-ի օրինակը ակնհայտ է հենց ՀԷՑ-ը խլեցին, անմիջապես անջատումների տարափ սկսեց»,- ասել է Արման Աբովյանը։

Փաշինյանը դեռ քարոզարշավի ժամանակ էր սպառնում ունեզրկել ընդդիմադիր ուժերի ղեկավարներին․ ՀԷՑ-ին հաջորդել է «Արարատցեմենտ» գործարանը, որն այսքանով չի ավարտվելու՝ զգուշացնում է Արման Աբովյանը։ Այն անդրադառնալու է մյուս բիզնեսմենների, աշխատողների, քաղաքացիների վրա՝ կարծում է քաղաքական վերլուծաբանը։

«Այս իշխանությունն ինքը խնդիր ունի լիովին կազմաքանդելու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր կետ, որտեղ Հայաստանը գոնե մի քիչ ամրություն ունի»,- ասել է Արման Աբովյանը։

Աբովյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը թուլացնելուն ուղղված քայլ է անում Փաշինյանի իշխանությունը, նշում անձնական վրեժխնդրությունն ու Ադրբեջանից եկող պահանջը մեկտեղվել են։

«Մեզ համար «Արարատցեմենտ» գործարանը ռազմավարական կարևոր օբյեկտ է, և «Արարատցեմենտ» գործարանը այնպես ենք անելու, որ նրա աշխատանքը չխաթարվի»,- հուլիսի 9-ին ասել էր Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը։

Մինչ փոխնախարարը խոստանում էր՝ չեն տուժի աշխատակիցները, այդ նույն պահին գործարանը չէր աշխատում։ Ի դեպ, գործարանը ավելի քան 1000 աշխատակից ունի, արտադրությունը՝ մեծ կարևորություն ունի շինարարական ոլորտում ու Հայաստանի տնտեսական կյանքում։

Ի դեպ՝ Ծառուկյանի մարզասրահի շենքը ևս խլել են սեփականատիրոջից, Տիգրան Ավինյանի խոսքով՝ համայնքին են վերադարձրել։ Ինչպե՞ս է վերադարձվել, եթե գույքը չի պատկանել քաղաքապետարանին, ի՞նչ հիմքով է վերադարձվել, ի՞նչ նպատակով է գործածվելու․ հարցերի պատասխանը ստանալու համար քաղաքապետարանը հարցում է պահանջել։

Անի Աբաղյան

Ընտրություն 2026   Ընտրություն 2026