12 Հլս
2024
27.1° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստան-ՀԱՊԿ «սառեցված» հարաբերությունների քրոնիկոնը․ ի՞նչ է հայտնի

Հայաստան-ՀԱՊԿ «սառեցված» հարաբերությունների քրոնիկոնը․ ի՞նչ է հայտնի

Հայաստանը սառեցրել է անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



«Մեր կարծիքով՝ Հայաստանի հետ կապված հավաքական անվտանգության պայմանագիրը չիրականացվեց հատկապես 2021-2022 թվականներին, և դա չէր կարող աննկատ մնալ մեր աչքից։ Մենք սառեցրել ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին, տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է նա։

 

 

Վերջին ամիսների ընթացքում բազմիցս պաշտոնական Երևանը բազմից մեղադրել է ՀԱՊԿին և Մոսկվային իրենց պարտավորությունները չկատարելու համար։



Հունվարին էլ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ ՀՀ-ն «ոչ մի ակնկալիք չունի» Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քանի որ «համարժեք արձագանք» չի ստացել 2022 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի կողմից մասշտաբային հարձակման ժամանակ։

 


Ավելի վաղ՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Հայաստանը դադարեցրել է մասնակցությունը  ՀԱՊԿ զորավարժություններին, փոխարենը սեպտեմբերին Հայաստանում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ էին անցկացվել։



ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին, ասել էր, որ Մոսկվան շարունակելու է երկխոսությունը հայ ընկերների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿի թեմայով։

 

ՀԱՊԿ-ից էլ հասցրել են արձագանքել Փաշինյանի վերջին հայտարարությանը՝ նշելով, որ Հայաստանից կառույցից հեռանալու մասին դիմում չեն ստացել։

 

ՀԱՊԿն ընդգրկում է վեց պետություն՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Տաջիկստան։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մայիսի վերջին կարևորել է Երևանի մասնակցությունը ՀԱՊԿի շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներին։