Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմք հանդիսանալ. դիվանագետների անունից փաստաթուղթ հրապարակվեց
Հանրահավաքի ընթացքում Դիվանագետների համահայկական խորհրդի անունից ելույթ ունեցավ Վահագն Մելիքյանը: Նա հիշեցրեց, որ Սրբազանն իրենց հանձնարարել էր ստեղծել մի հակիրճ փաստաթուղթ՝ կապված այն զարգացումների հետ, որն ունենք այսօր ՀՀ սահմաններին, և խաղաղության օրակարգի ու մեր ձեռնարկելիք քայլերի մասին:
«Ես գիտեմ, վստահ եմ, որ շատերին անհանգստացնում է մեկ հարց՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Մեզ սպառնում են պատերազմով՝ ասելով, որ այն անօրինական քայլերը, որ իրենք անում են, այլընտրանքը պատերազմն է, բայց մեր այլընտրանքը խաղաղությունն է»,-ասել է Մելիքյանը:
Նա նշել է, որ իրենց պատրաստած փաստաթուղթը 2 բաժնով է՝ սահմանազատման֊սահմանագծման մասին և խաղաղության օրակարգի մասին:
«ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Տավուշի մարզում, սկսված գործընթացը պետք է որակել որպես սահմանազատման և սահմանագծման անօրինական գործընթաց՝ ուժի սպառնալիքի ներքո կամ կապիտուլյացիայի շարունակություն: Դրա ապացույցն Ալիևի հայտարարությունն է, որ առանց մի կրակոցի, Ադրբեջանի թելադրանքով ստանում են տարածքներ»,-ասել է դիվանագետը՝ հավելելով, որ անվտանգության որևէ երաշխիք չկա նոր պատերազմը կանխելու, ագրեսիայի վտանգը շարունակում է կախված մնալ մեր ժողովրդի գլխին:
«2 երկրների միջև համապարփակ պայմանագրի և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում սահմանազատում և սահմանագծում իրականացնելը աննախադեպ երևույթ է դիվանագիտական պրակտիկայում, ինչը կասկածի տակ է դնում դրա օրինականությունը, գործընթացն անընդունելի է, հակաիրավական և հակասահմանադրական:
Սահմանազատման գործընթացի համար իրավական հիմք է ծառայում բանակցող կողմերի համատեղ ընդունած մեթոդաբանությունը՝ հիմնվելով վավերական և իրավական ուժ ունեցող ԽՍՀՄ ներպետական ակտերի հիման վրա: Ալմա-Աթայի հռչակագիրը որևէ կերպ չի կարող նման հիմք հանդիսանալ, քանի որ չի պարունակում սահմանային որևէ նկարագիր: Հռչակագիրը ենթադրում է միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնելու պահանջ, դրան կցված չեն քարտեզներ»,-պարզաբանել է Մելիքյանը:
Նա նշել է, որ ՀՀ և Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների միջև սահմանների որոշման վերաբերյալ տեղի է ունեցել ընդամենը 2 գործընթաց՝ 1-ինը 1928-1929 թվականին երկու երկրների Գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզն է, 2-րդը 1984-1987 թթ. երկուստեք ստորագրված որոշումներն են, մյուս փաստաթղթերն իրավական ուժ չունեն:
«Տավուշում խախտվում են նաև ԵԱՀԿ կողմից ընդունված սահմանագծման սկզբունքները, որոնցով առաջնային կարևորություն է տրվում բնակչության կենսապահովմանը, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների անընդհատվելիությանը:
Հանձնելով կենսական նշանակություն ունեցող պաշտպանական դիրքերը, թուլանալու է մեր պաշտպանողականությունը: Պետք է բացառել հայկական ԶՈՒ ցանկացած նահանջ կամ դիրքի փոփոխություն՝ մինչև սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը»:
Դիվանագետի խոսքով՝ նախ պետք է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջպետական համաձայնություն լինի, որը կվավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից: Եթե ստեղծվի իրավիճակ, որ ՀՀ որևէ տարածք կարող է անցնել Ադրբեջանին, ապա հարցը պետք է դրվի հանրաքվեի: