11 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Լազարյան ակումբը» միացել է Լեմկինի ինստիտուտի նախաձեռնությանը` պահանջելով ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս հայ գերիներին

«Լազարյան ակումբը» միացել է Լեմկինի ինստիտուտի նախաձեռնությանը` պահանջելով ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս հայ գերիներին

Ռուս-հայկական «Լազարյան ակումբը», որը միավորում է երկու երկրների քաղաքական գործիչներին, փորձագետներին և դիվանագետներին, միացել է Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի նախաձեռնությանը, որը ստորագրահավաք է անցկացնում Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս հայ գերիների ազատ արձակման պահանջով: Այս մասին ասվում է ակումբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մոսկվայում կայացած վերջին նիստի արդյունքներով։

Հեղինակները նշում են Արցախի տարածքում հայկական կրոնական և մշակութային հուշարձանների, եկեղեցիների և վանքերի գոյությանն ու մշակութային-պատմական ինքնությանը սպառնացող վտանգը։ Հաշվի առնելով այս հանգամանքը ՝ կազմակերպության մասնակիցները հայտարարում են նաև «Լազարյան ակումբի» հատուկ փորձագիտական խմբի ստեղծման և գործունեության կազմակերպման մտադրության մասին՝ հուշարձանների պահպանման նպատակով մոնիթորինգ իրականացնելու համար:

Նրանք ցավակցում են Արցախի հայ բնակչությանը կատարված ողբերգության համար, նշելով, որ այն հիշեցնում է 20-րդ դարասկզբին միջազգային հանրության կողմից դատապարտված հայ ժողովրդի ցեղասպանության փաստերը։

«Լեռնային Ղարաբաղից հայերի համատարած արտագաղթը ծանր հանդիմանանք է բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս ամենին և նույնիսկ նրանց, որոնք մասնակից չեն։ Մարդու լեզուն չի պտտվում այս ամենն անվանել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում», որը տասնյակ տարիներ բազմակողմ բանակցությունների առարկա է եղել: Մենք ցանկանում ենք խաղաղություն, այլ ոչ թե պատերազմ Կովկասում և հենց այդ պատճառով էլ պնդում ենք` «Ղարաբաղյան հարցը» ոչ մի կերպ չի կարող փակված համարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ փախստականների վերադարձն իրենց տներ, հայկական մշակութային, կրոնական և հուշարձանների ճակատագիրը հրատապ, բայց ոչ ամբողջական խնդիրների ցանկն է, որոնցով պետք է միասին մտահոգվել: «Լազարյան ակումբի» անդամներին մտահոգում են նաև ՀՀ-ում փախստականներին քաղաքացիությունից և քաղաքացիական իրավունքներից զրկելու արձանագրված փորձերը։

Ակումբի անդամները նաև վստահ են, որ այսօր ռուս-հայկական ամուր հարաբերություններին այլընտրանք չկա: Նրանց կարծիքով` Հայաստանի ներկայիս իշխանության ձախողված ներքին և արտաքին քաղաքականության արդյունքում պետության շարունակական գոյությունը վտանգի տակ է։

Եվ հետևաբար, երկու պետությունների իշխանությունների ներկայացուցիչների վրա բացառիկ պատասխանատվություն է դրված պահպանել և զարգացնել երկու ժողովուրդների հարաբերությունները, որոնք ընդհանուր քրիստոնեական ծագում ու հերոսական անցյալ ունեն, որոնք միասին են եղել և՛ ուրախության, և՛ վշտի մեջ։

Շեշտվում է, որ ժամանակը, անշուշտ, ամեն ինչ իր տեղը կգցի և ցույց կտա՝ «ով է մեղավոր» փոխադարձ վստահության կորստի, դաշնակցային պարտավորություններից հրաժարվելու, կորուստների և զոհաբերությունների համար։

Հայտարարության հեղինակները հավատում են, որ ժողովրդի և քաղաքացիական հասարակության լավագույն ներկայացուցիչների հնարավորինս լայն շրջանակների ներգրավմամբ պատասխան կտրվի նաև «ինչ անել» հարցին։