
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։
Որոշումը կայացվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Մուրադ Ասլանովի նախագահությամբ կայացած նիստում։
Դատավճռում նշվում է, որ, հաշվի առնելով Ռ. Մեհդիևի տարիքը և առողջական վիճակը, պատիժը պայմանական կլինի։
Նույն դատավճռով որոշում է կայացվել միջնորդություն ներկայացնել՝ Ռամիզ Մեհդիևին պետական պարգևներից զրկելու հարցը քննարկելու համար։ Բացի այդ, նրա գույքը ենթակա է բռնագրավման՝ հօգուտ պետության։ Բռնագրավման ցանկում ներառված են հողատարածքներ, առանձնատներ, առևտրի կենտրոններ, բնակելի տներ, ընկերություններ և բանկային ոլորտում ունեցած բաժնեմասեր։
Հիշեցնենք, որ Ռամիզ Մեհդիևի դեմ քրեական գործը Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից հարուցվել է 2025 թվականի հոկտեմբերին։ Նրան մեղադրանքներ էին առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 193-1.3.2 հոդվածով (հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացում), 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն) և 278.1 հոդվածով (իշխանությունը բռնի զավթելուն կամ պետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ)։
Ռամիզ Մեհդիևն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1995-2019 թվականներին։


