
Վաշինգտոնն ու Մոսկվան քննարկում են ռուսական նավթային շուկա ամերիկյան ընկերությունների հնարավոր վերադարձի հարցը․ FT
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են ռուսական նավթային շուկա ամերիկյան ընկերությունների հնարավոր վերադարձի հարցը՝ որպես Ուկրաինայում պատերազմին վերջ դնելուն ուղղված ավելի լայն բանակցությունների մաս. գրում է Financial Times-ը։
Ինչպես հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները, Սպիտակ տունն ու Կրեմլը ենթադրում են, որ պատերազմի ավարտից հետո հնարավոր է վերսկսել համատեղ ձեռնարկության գործունեությունը Սախալին կղզու (Հեռավոր Արևելք) ափերի մոտ՝ ներգրավելով ամերիկյան և ռուսական խոշոր նավթային ընկերությունների։
Նրանք նաև քննարկել են ամերիկյան խոշոր ընկերությունների ներգրավումը «Դրուժբա» խողովակաշարով դեպի Եվրոպա ռուսական նավթի վաճառքը վերսկսելու ծրագրում։
ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ նման նախագծերը չեն իրականացվի, քանի դեռ պատերազմը չի ավարտվել։
Աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը սեպտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ Պուտինի հետ քննարկել է հնարավոր բիզնես գործարքները։ Կրեմլի մամուլի ծառայության հրապարակած լուսանկարներից երևում է, որ անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի ընթացքում Ուիթքոֆն իր նոթատետրում, այլ գրառումների կողքին, նշել է նաև «բիզնես գործարքներ» (Business Deals) արտահայտությունը։
ԱՄՆ պաշտոնյաներից մեկը Financial Times-ին հայտնել է. «Նախագահ Թրամփի ներկայացուցիչները պատերազմող երկու կողմերի հետ էլ քննարկել են տնտեսական առաջարկներ, այդ թվում՝ հետպատերազմյան տնտեսական շրջանակ, որը կապահովի երկարաժամկետ աճ և ներդրումային հնարավորություններ Ուկրաինայի համար, ինչպես նաև՝ հետպատերազմյան տնտեսական համագործակցության հնարավորություններ Ռուսաստանի հետ»։
«Տնտեսական համաձայնագրերը կներառվեն խաղաղության համապարփակ կարգավորման մեջ և կենթարկվեն դրա պայմաններին՝ նպատակ ունենալով դադարեցնել արյունահեղությունն այս դաժան պատերազմում։ Ոչինչ դեռ վերջնականապես որոշված չէ»,- նշել է պաշտոնյան։


