Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ֆլորիդայում հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղիները։ Հանդիպումը կայացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հաջորդ օրը։
«Պատիվ էր այցելել նախագահ Դոնալդ Թրամփին Մար-ա-Լագոյում: Մենք քննարկել ենք խաղաղության հաստատման ուղիները։ Օրվա լավ նորությունը՝ նա կլուծի այդ խնդիրը»,- գրել է Օրբանը X սոցիալական ցանցում:
Հանդիպումը տեղի է ունեցել Հունգարիայի վարչապետի «խաղաղապահ առաքելության» շրջանակներում, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով նրա մամուլի քարտուղարին։
Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով իր հանդիպումը Վիկտոր Օրբանի հետ, Truth Social սոցիալական ցանցում գրել է. «Շնորհակալություն, Վիկտոր։ Խաղաղությունը պետք է գա, և շուտով»։
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում 24 ժամվա ընթացքում կդադարեցնի ռուս-ուկրաինական հակամարտությունը։