Թուրքիայի ներխուժման սպառնալիքներին պետք է շատ լուրջ վերաբերվել․ կիպրոսցի պաշտոնյան՝ Fox News-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքներին չպետք է անլուրջ վերաբերվել։ Դրանք չեն դավաճանում Անկարայի շարունակվող տարածաշրջանային նկրտումներին, Fox News Digital-ի հետ զրույցում նշել է Կիպրոսի կառավարության պաշտոնական խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը։
«Ցանկացած սպառնալիք, որը հրապարակայնորեն հնչում է, պետք է շատ լուրջ ընդունվի։ Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը չի կարող անտեսել կամ աչք փակել սպառնալիքների վրա», – նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ պատմությունն ինքն է դա ապացուցել։
Նրա խոսքով՝ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը հիմնարար է, և բոլորը պետք է խստորեն հավատարիմ լինենք դրան։ «Ցավոք, որպես երկիր, մենք վերջին 50 տարիների ընթացքում նկատում ենք Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության տարածքի 37%-ի անօրինական օկուպացիայի շարունակական աճը։ Մենք հստակ գիտենք անօրինական ներխուժման հետևանքները, և շատ լուրջ ենք վերաբերվում ցանկացած սպառնալիքի»,- նշել է Լետիմբիոտիսը։
Էրդողանը հուլիսի վերջին հայտարարել էր, որ Թուրքիան «պետք է շատ ուժեղ լինի, որպեսզի Իսրայելը չկարողանա անել այս ծիծաղելի բաները Պաղեստինի հետ»։
«Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, այնպես էլ Իսրայելի հետ կարող ենք վարվել, չկա բան, որ մենք չկարողանանք անել», – հայտարարել էր Էրդողանը։