13 Հոտ
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատմության աղավաղում նաև վիրտուալ տիրույթում. Ադրբեջանը հետևողականորեն Արցախից ջնջում է հայկական հետքը

Պատմության աղավաղում նաև վիրտուալ տիրույթում. Ադրբեջանը հետևողականորեն Արցախից ջնջում է հայկական հետքը

Արբանյակային քարտեզների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը սկսել է Արցախում արհեստականորեն ավելացնել մզկիթների քանակը: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքը։

Մասնավորապես՝ Google Earth  ծառայության միջոցով Հադրութի շրջանի գյուղերի դիտարկման ժամանակ նկատելի դարձավ, որ մզկիթների առկայության մասին տարբերանշան են ավելացվել Թաղասեռ, Վարդաշատ, Կամրակուճ, Սարինշեն, Ծամձոր, Տող բնակավայրերում։  Ընդ որում, այս գյուղերում մզկիթների առկայության տարբերանշանները տեղադրված են կարծես կամայականորեն, քանի որ պատկերները խոշորացնելու պարագայում կարելի է տեսնել, որ դրանք տեղադրված են ուղղակի գյուղական տների, բակերի վրա:

«Արբանյակային լուսանկարների դիտարկման ժամանակ պարզ դարձավ, որ մզկիթի գոյության մասին տեղանշան է տեղադրվել նաև Ասկերան քաղաքում: Ըստ քարտեզի՝ այն գտնվում է քաղաքի գերեզմանատան մոտ։

Կարող ենք փաստել, որ ադրբեջանական կողմը շարունակում է Արցախի իսլամացման քաղաքականությունը նաև վիրտուալ տիրույթում. մզկիթների նշաններն արհեստականորեն տեղադրվում են արբանյակային պատկերներ ցուցադրող և հանրության լայն շրջանակների համար հասանելի կայքերում:  Ուշագրավ է, որ որպես թիրախ ընտրվել է Հադրութի շրջանը, որի գյուղերի մեծագույն մասը եղել է հայկական, ունեցել է հայ բնակչություն և նրանցում իսլամական աղոթատներ երբեք չեն եղել: Նկատելի է, որ մզկիթներով օժտել են Հադրութ քաղաքին առավել մոտ գտնվող գյուղերը: Վերոնշյալ գյուղերը 2020 թվականի օկուպացիայից հետո բնակչություն չունեն, այնտեղ շինարարական աշխատանքներ չեն տարվում, առավել ևս՝ մզկիթների կառուցման աշխատանքներ։