
«Շամոնդա» վիրուսից առաջին անգամ մարդ է մահացել
Ֆրանսիայում «Շամոնդա» վիրուսից առաջին անգամ մարդ է մահացել․ գրում է Reuters-ը:
Սա վիրուսի հետևանքով ոչ միայն մահվան, այլև վարակվելու առաջին փաստագրված դեպքն է։
Դեռևս հստակ չէ՝ ինչպես է հանգուցյալը վարակվել վիրուսով։
«Չկան գիտական տվյալներ, որ հաստատում են վիրուսի փոխանցումը մսի, կաթի կամ դրանք պարունակող (վերամշակված) այլ ապրանքների միջոցով»,- հայտնել են Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունից։
Նշենք, որ «Շամոնդա» վիրուսը կենդանիների վարակիչ հիվանդության հարուցիչ է։ Այն փոխանցվում է արյունածուծ մժեղների միջոցով և ախտահարում է, հիմնականում, խոշոր եղջերավոր անասուններին: Վիրուսն առաջին անգամ հայտնաբերել են Նիգերիայում 1960-ականներին:


