02 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոնսերվատորիայի այգում հատված ծառերը չորացած էին, գարնանը նոր ծառեր կտնկվեն. քաղաքապետարանի պարզաբանումը ABC Media-ին

Կոնսերվատորիայի այգում հատված ծառերը չորացած էին, գարնանը նոր ծառեր կտնկվեն. քաղաքապետարանի պարզաբանումը ABC Media-ին

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգում այսօր ծառեր են հատվել։ Քաղաքապետարանից ABC Media-ին հայտնել են` իրականացվում են սանիտարական ծառահատման և կանաչապատման լայնածավալ աշխատանքներ։

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով՝ մասնագետները տարածքում հայտնաբերել են հատման ենթակա 12 չորացած ծառ. դրանց փոխարեն գարնանը նոր ծառատեսակներ են բերվելու։

«Այգու գրեթե բոլոր ծառերը վատ վիճակում էին։ Վարձակալի կողմից տարիներ շարունակ որևէ աշխատանք չի իրականացվել, և արդյունքում տարածքը գրեթե ամբողջությամբ չորացել էր։ Մենք նույնիսկ մեր միջոցներով երբեմն կազմակերպել ենք ջրման աշխատանքներ, թեև դա մեր պարտականությունների շրջանակում չէր»,- նշեց Բեգոյանը։

Նա տեղեկացրեց, որ քաղաքապետարանը վաղուց դատական գործընթաց էր սկսել տարածքի վարձակալի դեմ։ Դատարանի վերջնական որոշմամբ՝ վարձակալության պայմանագիրը խզվել է, և այգին վերադարձվել է Երևան համայնքին։

Ներկայումս կատարվում են մի շարք ագրոտեխնիկական գործողություններ՝ չորացած ծառերի հատում և տարածքից դուրսբերում, հողի փխրեցում և պարարտացում, ծառերի մշակում, ինչպես նաև տարածքում եղած բետոնային մնացորդների ապամոնտաժում։

«Աշխատանքները միտված են այգու առողջացմանն ու մնացած ծառերին երկրորդ կյանք հաղորդելուն։ Դրանք կիրականացվեն նաև Կենտրոն, Շենգավիթ, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջանների ներգրավմամբ, որպեսզի գործընթացը հնարավորինս արագ ավարտվի»,- ասաց Բեգոյանը։

Նրա խոսքով՝ աշխատանքների հաջորդ փուլում կկատարվի հողի հարստացում պարարտանյութերով և գարնանային տնկարկի նախապատրաստում։ Տարածքում նախատեսվում է տնկել տարբեր ծառատեսակներ և ծաղիկներ՝ հաշվի առնելով այգու կենտրոնական դիրքն ու մշակութային նշանակությունը։

«Քննարկման փուլում են այգու նաև նոր էսքիզային նախագծերը, որոնք մշակվելու են Երևանի քաղաքապետի անմիջական վերահսկողությամբ»,- ընդգծեց Բեգոյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026