
Հրազեն, սուր կտրող-ծակող գործիքներ․ դպրոցներում հանցագործությունների մտահոգիչ վիճակագրությունը
Սուր կտրող-ծակող գործիքներ, հրազեն, բռունցքներով ու ոտքերով հարվածներ․ դպրոցահասակ երեխաների շրջանում անցած տարում, նախորդող տարիների համեմատ, հանցագործությունների թվի բացասական աճ է գրանցվել։
ՆԳՆ-ից ABC Media-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են՝ 2025 թվականին դպրոցներում ու դպրոցին հարակից տարածքում ծեծկռտուքի 77 դեպք է եղել, որից 19-ը՝ սուր կտրող-ծակող գործիքով։ Մինչդեռ նախորդող տարում՝ 2024-ին, դեպքերը 20-ով պակաս էին՝ 56, որոնցից 9-ն էր կտրող-ծակող գործիքով։
Եղել են նաև հրազենի գործածման դեպքեր․ 2023-ին և 2021-ին 1-ական անգամ դպրոցում հրազեն են գործածել։ Կտրող-ծակող գործիքների օգտագործում ևս եղել է․ 2023-ի ծեծկռտուքների 58 դեպքից 10-ը, 2022-ի՝ 47 դեպքից 3-ը, 2021-ի 63 դեպքից 4-ը եղել են սուր կտրող-ծակող գործիքներով։
2026-ի 2 ամսվա ընթացքում անչափահասների միջև ֆիզիկական բռնության հոդվածով 9 հանցագործություն է գրանցվել, որոնցից 3-ը՝ սուր կտրող-ծակող գործիքով։
ՆԳՆ-ից նաև տեղեկացրել են՝ 2021-2022 թվականներին ՀՀ տարածքում գործող հանրակրթական դպրոցներում կամ այլ ուսումնական հաստատություններում և դրանց հարակից տարածքներում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների և իրավախախտումների դեպքերի թվաքանակի վերաբերյալ համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից հաշվառում չի իրականացվել, իսկ 2023-2025 թթ. պատկերը հետևյալն է՝
- 2023թ.- 20-ը՝ դպրոցում, 21-ը՝ հարակից տարածքում,
- 2024թ.- 29-ը՝ դպրոցում, 12-ը` հարակից տարածքում,
- 2025թ.- 49-ը՝ դպրոցում, 43-ը՝ հարակից տարածքում։
Միաժամանակ ընդգծել են, որ նշված վերլուծական տվյալները վերաբերում են ոչ միայն հանցագործություններին վերաբերող դեպքերին, այլ նաև չհաստատված, քրեաիրավական որակում չստացած, սակայն մտահոգիչ տեղեկություններին:


