
ՀԿ-ները դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը․ հայտարարություն
Քաղաքացիական հասարակական մոտ տասը կազմակերպություն հայտարարություն է տարածել քրեական արդարադատության անկախության և ուժի իրավաչափ ու համաչափ կիրառման պահանջի վերաբերյալ՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը։
«Ընդգծում ենք, որ ենթադրյալ հանցագործության հատկանիշներ պարունակող ցանկացած վարքագիծ պետք է քննվի օրենքով սահմանված մեխանիզմների շրջանակում՝ ապահովելով վարույթում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը և անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը։
Միաժամանակ, իրավապահ մարմինների գործողությունները պետք է լինեն իրավաչափ, անհրաժեշտ և համաչափ՝ բացառելով քաղաքական ազդեցությունն ու երաշխավորելով հանրային վստահությունը արդարադատության նկատմամբ։
Անընդունելի և դատապարտելի ենք համարում Գագիկ Ծառուկյանի տուն մուտք գործելիս ԱԱԾ դիմակավորված և զինված ծառայողների կողմից նրա նկատմամբ անհարկի և անհամաչափ ուժի գործադրումը այն պայմաններում, երբ նրա կողմից դիմադրություն չէր ցուցաբերվում։
Պահանջում ենք՝
- հանրային իշխանության ներկայացուցիչներից՝ զերծ մնալ դատական և իրավապահ մարմինների վրա ոչ իրավաչափ ազդեցությունից,
- Քննչական կոմիտեից և Դատախազությունից՝ ապահովել անկախ, արդյունավետ և անաչառ քննություն,
- երաշխավորել վարույթում ներգրավված անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը,
- քննություն նախաձեռնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անհամաչափ ուժի գործադրման դեպքով և պատասխանատվության ենթարկել ներգրավված անձանց,
- իրավապահ մարմիններից՝ բացառել ոչ իրավաչափ, անհարկի և անհամաչափ ուժի կիրառումը»,- ասված է հաղորդագրությունում։
Հայտարարության ամբողջական տեքստն ու այն ստորագրած կազմակերպությունների ցանկն՝ այստեղ։


