Բելառուսը մտահոգված է ՀԱՊԿ-ի արևմտյան սահմաններում ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործունեության ակտիվացմամբ
Մինսկը մտահոգված է ՀԱՊԿ-ի արևմտյան սահմաններում ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործունեության ակտիվացմամբ և Բելառուսի սահմանների մոտ դաշինքի հարձակողական ներուժի կուտակմամբ։ Այս մասին Աստանայում հայտարարել է Բելառուսի Արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը։
Նա խոսել է «տարածաշրջանում և ամբողջ աշխարհում լարվածության աննախադեպ աճի, զինված հակամարտությունների սրման և միջազգային հարաբերությունների ռազմականացման» մասին։ Միևնույն ժամանակ՝ Ռիժենկովը մտահոգություն է հայտնել «ՀԱՊԿ-ի արևմտյան սահմաններում ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործունեության ակտիվացման և Բելառուսի սահմաններին մոտ դաշինքի հարձակողական ներուժի հզորացման կապակցությամբ»։
Բելառուսի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել «ուժեղացնել լարվածությունը թուլացնելու ջանքերը և խորացնել առարկայական երկխոսությունը՝ եվրասիական տարածքում հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետություն կառուցելու համար՝ որպես նոր բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման մաս»: Այս համատեքստում՝ նախարարը հիշեցրել է 2024 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը կայացած Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի II միջազգային համաժողովը, որի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ այս հարցի շուրջ։
Ռիժենկովը նաև ընդգծել է ՀԱՊԿ-ի կարևոր դերը «ինչպես եվրասիական տարածքում անվտանգության և կայունության ամրապնդման, այնպես էլ նրա անդամ երկրների անվտանգության ապահովման հարցերում»։ Նա նշել է ՀԱՊԿ շրջանակներում համատեղ համերաշխ աշխատանքի կարևորությունը՝ ժամանակակից մարտահրավերներին և անվտանգության սպառնալիքներին արդյունավետ դիմակայելու համար։