
ՌԴ-ում թույլատրել են որսալ յուրաքանչյուր շրջանի արջերի մինչև 30 տոկոսը
Ռուսաստանի բնական պաշարների և էկոլոգիայի նախարարությունը բարձրացրել է արջերի որսի թույլատրելի սահմանաչափն․ հետայսու յուրաքանչյուր տարածաշրջանում հնարավոր կլինի որսալ գիշատիչների ընդհանուր թվի 30 տոկոսը։ Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
Կառավարությունը նաև պատրաստ է օգնել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հոգալու բնակավայրեր մտած գիշատիչների որսի ծախսի մի մասը․ այդ նպատակով կհատկացվի ավելի քան 80 միլիոն ռուբլի։ Գերատեսչությունից հավելել են, որ այս որոշումը թույլ կտա նվազեցնել արջերի և մարդկանց բախման դեպքերը։
Նշենք, որ վերջին տարիներին Ռուսաստանի մի շարք շրջաններում, հատկապես Սիբիրում և Հեռավոր Արևելքում, արջերի թվաքանակի զգալի աճի և սննդի պակասի պատճառով հաճախակիացել են գիշատիչների՝ բնակավայրեր մուտք գործելու և մարդկանց վրա հարձակվելու դեպքերը։ Հենց դա էլ դարձել է որսի քվոտաների վերանայման հիմնական պատճառը։
Նշենք, որ 2026 թվականի սկզբից միայն Ալթայի Հանրապետությունում ոչնչացվել է շուրջ 211 արջ․ դրանց մեծ մասը մոտեցած է եղել բնակավայրերին։
Ըստ TASS-ի՝ այս տարի արջերը բնակավայրերին մոտեցել են Ռուսաստանի ավելի քան 40 շրջանում։ Ամենաբարդ իրավիճակը գրանցվել է Արևելյան Սիբիրում։


