Ներկայացում է, «մասկի շոու»․ փաստաբանները՝ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին
Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանը․ այս մասին նա անձամբ է հայտնել սոցցանցում գրառման միջոցով։ Դիմակավորված ոստիկանները Հրազդանի կիրճում ձերբակալել են Բաբայանին և նրա ընկերներին։ Նրանք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով։
«Հերթական «մասկի շոուն» է, հետամանորյա ներկայացում է, ի՞նչ զենքի մասին է խոսքը։ Արդեն պարզ է՝ ինչ է կատարվում։ Ում ուզում են ասպարեզից հեռացնել և ապօրինի զենք կրելու հոդված են կարում»,-ABC media-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ևս Բաբայանի ձերբակալությունը համարում է ներկայացում։
«Ի՞նչ զենքի մասին է խոսքը, հասկանալի է, թե ինչ է կատարվում»,-ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը հանդիսանում է այն հինգ իրավապաշտպաններից մեկը, որոնք հանձն էին առել պաշտպանել ակցիաների ժամանակ ձերբակալված և կալանավորված քաղաքացիներին։
Բաբայանին ու ընկերներին տեղափոխել են քրեական ոստիկանություն։