
Իրանը մտադիր է զարգացնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Փեզեշքիան
Իրանը կզարգացնի համագործակցությունը Ռուսաստանի հետ ռազմական և անվտանգության ոլորտում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել մեզ». այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում։
«Եթե մյուս պետությունները հարձակվեն մեր երկրների վրա, ապա այն հիմքի վրա, ինչ գրված է պայմանագրում, մենք պարտավորություններ ենք ստանձնում ոչ մի դեպքում չմասնակցել ագրեսորներին օգնող գործընթացներին։ Մակրոմակարդակում մենք ունենք պայմանավորվածություններ Ռուսաստանի Դաշնության հետ, բայց մանրամասները կորոշվեն հետագա գործընթացներով և պայմանավորվածություններով»,- ասել է Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր հայեցակարգն անհրաժեշտ է հետագայում գործնական ծրագրեր մշակելու համար։
«Բնականաբար, բոլոր ուղղություններով, որտեղ մենք կարող ենք օգնել միմյանց, ռազմական և անվտանգության ոլորտներում, մենք կփորձենք զարգացնել համագործակցությունը։ Մենք պետք է համագործակցենք, որպեսզի թշնամին չկարողանա հեշտությամբ գալ, ոչնչացնել մեզ և հեռանալ։ Թշնամին չպետք է որևէ պատրանք ունենա, որ կարող է հեշտությամբ հաղթել մեզ»,- նշել է Իրանի նախագահը։