
ՀՀ-ի, Ադրբեջանի և Վրաստանի եռակողմ համագործակցությունը ներկայումս չափազանց անհրաժեշտ է․ Մակա Բոչորիշվիլի
Այսօր Թբիլիսիում տեղի է ունենում Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի փոխարտգործնախարարների հանդիպումը։ Միջոցառումը բացել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։
Նշվել է, որ փակ ձևաչափով անցկացվող հանդիպման նպատակը երեք երկրների կարծիքների և շահերի փոխանակումն է այն ոլորտներում, որոնք կնպաստեն երկրների միջև փոխշահավետ, գործնական եռակողմ համագործակցության ամրապնդմանը` հանուն տարածաշրջանի բարգավաճման, կայունության և կայուն զարգացման։
«Կբացահայտվեն երեք երկրների համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, ինչպես նաև համագործակցության հնարավոր ոլորտները, որպեսզի տարածաշրջանի երկրները կարողանան համատեղ մոտեցումներ մշակել մի շարք հարցերի շուրջ», – լրագրողներին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, բացելով հանդիպումը, խոսել է Հարավային Կովկասի ռազմավարական դերի, տարածաշրջանի ներուժի և համագործակցության ձևաչափերի մասին։ Նախարարը նշել է, որ եռակողմ հանդիպման անցկացումը վկայում է տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ու ընդհանուր շահերի բացահայտմանը նպաստելու Վրաստանի անկեղծ ցանկության մասին։ Ընդգծվել է, որ Հարավային Կովկասը ռազմավարական նշանակության տարածաշրջան է, և եռակողմ համագործակցությունը ներկայումս չափազանց անհրաժեշտ է։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ևս անդրադարձել է եռակողմ հանդիպամանը Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախարարը նշել է, որ դրան նպաստում են նոր իրողությունները․ «Այս հանդիպման ընթացքում քննարկվում են երեք երկրներին հուզող հարցեր։ Դրանք երկկողմանի հարցեր չեն, քննարկվում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ չշոշափելով մեր միջև բաց հարցերը։ Այսօր քննարկման թեմաները լինելու են անդրսահմանային գետերը և մի շարք այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ՝ նման հարթակի ստեղծումը մենք տեսնում ենք որպես դրական զարգացում»։