
ԱԳՆ-ն հրապարակել է «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը․ հայտնում են ԱԳՆ-ից։
«Հիմք ընդունելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագիրն Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում տեղի ունեցած իրենց հանդիպման արդյունքների վերաբերյալ (Համատեղ հռչակագիր)՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության առաջմղման համար,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ցանկանում են ունենալ տևական գործընկերություն իրենց երկու ժողովուրդների և կառավարությունների միջև,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության նպատակն է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը (ԹՐԻՓՓ) նպաստի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը, բարգավաճմանը և ինտեգրմանը, ինչպես նաև ստեղծի առանցքային առևտրային ուղի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար նոր շուկաներ բացելու համար, և տնտեսական օգուտներ ստեղծի հայաստանյան ընկերությունների համար ԹՐԻՓՓ-ի կառուցման և գործարկման ընթացքում,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը, այդ թվում՝ միջպետական սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, ԱՄՆ-ի կայուն ներգրավվածությունը և տարածաշրջանային համագործակցությունն ու կայունությունը կնպաստեն ԹՐԻՓՓ-ի հաջողությանը,
հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը 2026 թվականի հունվարի 13-ին հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի (ԻՇ) հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերած հանձնառությունները կյանքի կոչելու և Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունն ամրապնդելու, ինչպես նաև ԱՄՆ առևտուրը խթանելու համար,
հիմք ընդունելով, որ Կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ, և հաստատում են, որ սույն Համաձայնագիրը և ԹՐԻՓՓ-ը նպատակ ունեն ծառայելու որպես առանցքային մեխանիզմներ հանուն խաղաղ և ինքնիշխան Հայաստանի,
հիմք ընդունելով, որ ԹՐԻՓՓ-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա՝ միևնույն ժամանակ կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանսկասպյան առևտրային երթուղու կենսական հանգույց, ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար,
վկայակոչելով Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1992 թվականի ապրիլի 2-ին Վաշինգտոնում ստորագրված Ներդրումների խրախուսման համաձայնագիրը, 1992 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկատնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» համաձայնագիրը, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև 1992 թվականի սեպտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը,
Վերոշարադրյալի հիման վրա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները (Միացյալ Նահանգներ) և Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) (յուրաքանչյուրը առանձին՝ Կողմ, իսկ միասին՝ Կողմեր) սույնով կնքում են «ԹՐԻՓՓ-ի մասին» սույն շրջանակային համաձայնագիրը (Համաձայնագիր), ինչին կարող եք ծանոթանալ այստեղ»։

