
Իմ աշխատասենյակում մի քարի կտոր կա՝ Բեռլինի պատից, որը վկայում է մի բանի մասին՝ աշխարհում անհնարին բան չկա․ Գեղամ Մանուկյան
Իրականում դեռ ամբողջովին չի գնահատված ու չի իմաստավորված այն մեծ ողբերգությունը, որ պարունակում է նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն փաստաթուղթը, որովհետև իրականում դա Հայաստանի այդ ժամանակվա քաղաքական իշխանության կազմակերպված անկազմակերպվածության ողբերգական արդյունքն է․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Եռաբլուր այցելած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Իրականում նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի հետևողական մերժումը Հայաստանի իշխանությունների կողմից հանգեցրեց Արցախի շրջափակմանը և 2023 թվականի սեպտեմբեր 19-20-21-ի Արցախի հայաթափմանը»,- ասաց նա։
Արցախ հավաքական վերադարձի տեսլականը որքանո՞վ է հնարավոր․ հարցին ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․ «Գիտեք, իմ աշխատասենյակում մի հուշանվեր կա, քարի կտոր, պատմական քար՝ Բեռլինի պատից։ 1988 թվականին, երբ ծառայում էի խորհրդային բանակում, նոյեմբեր ամիսն էր, ճիշտ այս օրերն էին, դասախոսություն էր Գերմանիաների մասին։ Դե արդեն Արցախյան միացման այդ շնչով տոգորված՝ հարց տվեցի գնդապետին, թե կարո՞ղ է մի օր Գերմանիաները միավորվեն։ Նա սկսեց գոռգոռալ, անհնար համարել։ Բառացիորեն մեկ տարի անց արդեն զորացրված էի, Գերմանիաները միավորվեցին, և Բեռլինի պատի այդ քարը ես պահում եմ որպես թանկագին մասունք, որը վկայում է մի բանի մասին՝ աշխարհում անհնարին բան չկա»։


