Ժոզեպ Բորելը ՀՀ ԱԳՆ-ին տեղեկացրել է, որ ցանկանում է այցելել Հայաստան. ԵՄ դեսպան
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան. այս մասին այսօր ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Կարծում եմ, որ նրա ներկայությունը ողջունելի կլինի, այս մասին նա հայտնել է անցյալ շաբաթ՝ ԱԳՆ-ին»,-ասել է նա։
ԵՄ դեսպանը նշեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի՝ ՍԵՊԱ-ի նոր օրակարգի ուղղությամբ արդեն իսկ առկա են որոշակի արդյունքներ, մասնավորապես, անվտանգության ուղղությամբ համագործակցության մասով։
«Հիմա մենք պլանավորում ենք միասնական հարթակի հաջորդ հանդիպումը՝ ՍԵՊԱ-ի ներքո՝ մարտի 14-ին։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր հանդիպում է, և մենք շատ գոհունակ կլինենք ողջունելու այստեղ Բրյուսելի մեր գործընկերներին, նրանք էլ մեծապես հետաքրքրված են այս նոր օրակարագի ձևակերպմանն իրենց մասնակցությունն ունենալ»,-ասել է նա։
Դեսպան Վասիլիս Մարագոսը խոսելով նոր օրակարգից՝ նշել է, որ այն մեծապես վերաբերում է ՍԵՊԱ համաձայնագրի ներուժը հետազոտելուն և օգտագործելուն։ «Կարևոր փաստաթուղթ է, որի իրականացման ճանապարհին ենք, բայց իրականում մենք կարող ենք միասնաբար ավելի լավ արդյունքներ ունենալ, ոչ որևէ այլ պատճառով, այլ որպեսզի կարողանանք հայ ժողովրդին և այստեղ բիզնեսին հնարավորություն տալ՝ ունենալու ավելի լավ կյանք, որը հիմնված է արժեքների և հարգանքի վրա, տարածքային ամբողջականության, ինքնավարության և տարածքային զարգացման նպատակների վրա։ Սա մեր միասնական նպատակն է և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է նա։