ABCMEDIA
Գևորգ Պապոյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

Գևորգ Պապոյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ ֆինանասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը վայր է դրել մանդատը. այս մասին նա այսօր Աժ-ում հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Այսօր ԱԺ նախագահը համապատասխան հայտարարությունն արդեն կանի, որից հետո 7-օրյա ժամկետ կա, դրանից հետո, երբ արդեն մանդատս պաշտոնապես վայր դրած կլինեմ, այդ պահից հետո հնարավոր կլինի նշանակումը կատարել»,- ասել է Պապոյանը։

Նշենք` փետրվարի 14-ից հետո, երբ Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, մամուլում շրջանառվում էր հենց Պապոյանի անունը։

Փետրվարի 15-ին ՀՀ կառավարությունում ավելի քան 4 ժամ տևած հանդիպումից դուրս գալուց հետո, սակայն, Պապոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իրեն էկոնոմիկայի նախարարի պաշտոն չի առաջարկվել։

Սակայն փետրվարի 24-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հավանություն է տվել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։