Իշխանությունը վաղուց պոկվել է գետնից, նրանք մտածում են, որ հավերժ իշխանություն են ունենալու, կարողանալու են հավերժ թաքնվել ոստիկանության կամ փշալարերի հետևում, և իրենց խոսքն ու գործունեությունը դրա հիման վրա են կառուցում. ABC media-ի հետ զրույցում ասել է ԱԺպատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ իշխող քաղաքական ուժի հետևում ոչ քաղաքական փորձառություն կա, ոչ էլ ունեն այն բովանդակությունը, որ նրանց հնարավորություն կարող էր տալ դառնալ իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ, բայց Հայաստանում իրականությունն այլ է։
«Իրականությունն այն է, որ իշխող ուժի ներսում հավաքված են մարդիկ, որոնք գաղափարազուրկ են, չունեն կառավարման հմտություններ, նրանց մոտեցումները՝ ՀՀ ապագայի հետ կապված, անմիջականորեն հակասության մեջ են Հայաստանի և հայի շահերի հետ»,-շեշտել է պատգամավորը։
Աբրահամյանը, նաև անդրադարձել է այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպերին․ «Տարբեր իրավիճակներում կան լկտիության դրսևորումներ, անհանդուրժողականություն, նաև փորձում են որոշակի սադրանքների գնալ, այսինքն` այն մթնոլորտը, որն այսօր ստեղծված է խորհրդարանում, չի կարող աշխատանքային լինել, որովհետև մի կողմից իշխանությունը, որը իր համար առաջնահերթություն է նշանակել հանձնողականությունը, մյուս կողմից թվով քիչ ընդդիմությունն է, որը փորձում է դանդաղեցնել կամ կասեցնել Հայաստանի դեմ եկող հերթական հարվածը»։
Հարցին՝ եթե իշխանությունն իսկապես չներկայանա հունիսի 17-ին ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգն է լինելու Կառավարության հրաժարականի հարցը, ապա ի՞նչ է անելու ընդդիմությունը, պատգամավորը պատասխանել է․
«Այն, որ իշխանությունը նման կերպ է վարվելու՝ նորություն չի։ Ինչ վերաբերվում է ընդդիմության անելիքներին, ապա մենք, որպես խորհրդարանական ուժ, հանդիպումներ ունենում ենք Բագրատ Սրբազանի հետ, նա ներկայացնում է և՛ անելիքները, և՛ որոշակի հանդիպումներ են լինում ապագա ծրագրերի հետ կապված, հիմա թե ի՞նչ է անելու շարժման առաջնորդությունը՝ այդ սցենարային զարգացման դեպքում, անկեղծ ասած, չեմ կարող մեկնաբանել, դրա մասին կխոսվի առաջիկա օրերին։ Խորհրդարանական ընդդիմությունն իր գործունեության հիմնական մասը կառուցում է ելնելով շարժման՝ այս պահի իրադրությունով։ Այս պահին փողոցում ծավալվում է կոնկրետ գործընթաց, բայց այդ գործընթացն ունի իր առաջնորդը, և ընդդիմությունն էլ փորձում է իր անելիքները համաձայնեցնել առաջնորդների հետ»։