13 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանը պետք է հետևություններ անի և հասկանա Արևմուտքի իրական մտադրությունները․ չինական մամուլ

Երևանը պետք է հետևություններ անի և հասկանա Արևմուտքի իրական մտադրությունները․ չինական մամուլ

Արևմտյան երկրները, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, լայնածավալ արշավ են իրականացնում` փորձելով հասնել Ռուսաստանի մեկուսացմանը։ Երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս նաև վատ լուր է ստացել իր դաշնակիցներից մեկից՝ Հայաստանից, գրել է ABN24-ը՝ հղում կատարելով չինական NetEase հրատարակությանը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր երկիրը ՀԱՊԿ-ից՝ նախկին ԽՍՀՄ մի քանի երկրներից բաղկացած դաշինքից, դուրս բերելու մտադրության մասին»,- նշել են հեղինակները։

NetEase-ի դիտորդների պնդմամբ՝ Երևանից ստացված լուրերն առանձնապես անակնկալ չեն եղել, քանի որ Հայաստանի ղեկավարությունը մի քանի տարի առաջ սահմանել է Արևմուտքի հետ մերձեցման ուղղություն։ Սակայն ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրությունների մասին հայտարարությունը չափազանց լուրջ քայլ է և բավականին տհաճ նորություն Ռուսաստանի համար։ «Փաստորեն, նրանք փորձում են դավաճանել Մոսկվային, և դա հաշվի առնելով՝ Կրեմլի արձագանքն այս իրավիճակին անսպասելի էր։ Հայաստանի շփումներն ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հետ գնալով ավելի հաճախակի են դառնում: Ռուսաստանը ակնհայտորեն դժգոհ է այս գործակցությունից»,- գրել են չինացի լրագրողները։

Նրանց կարծիքով՝ սպասվում էր, որ Մոսկվան «զայրույթի կայծակներ կշպրտի» Հայաստանի ղեկավարության վրա, սակայն իրականությունը մի փոքր այլ է։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, չնայած ստեղծված իրավիճակին, շարունակում է Հայաստանին համարել եղբայրական երկիր, ինչպես նաև հարգում է Եվրամիության հետ համագործակցությունը զարգացնելու նրա ընտրությունը։ Միևնույն ժամանակ՝ Պուտինի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ Երևանը չի գնա Կիևի ռեժիմի ընտրած ճանապարհով։

Հեղինակների կարծիքով՝ Ռուսաստանը գործել է շատ անսպասելի և միևնույն ժամանակ խելամիտ։ Այն չի խզել կապերը Հայաստանի հետ և չի քննադատել, փոխարենը՝ Երևանին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել նախկին ԽՍՀՄ այն երկրի փորձին, որոնք նույնպես հույսը դրել են Արևմուտքի վրա և սկսել սպառնալից վարքագիծ դրսևորել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Ի վերջո՝ այդ ամենը հանգեցրել է մեծ խնդիրների հենց իրենց համար։ Եթե Երևանը չի ցանկանում կրկնել այս սխալները, ուրեմն՝ պետք է հետևություններ անի։

«Հայաստանը պետք է հասկանա Արևմուտքի իրական մտադրությունները, որոնք Երևանը դիտարկում են միայն որպես բուֆեր Ռուսաստանի համար»,- եզրակացնում են չինացի լրագրողները։