Իրանը միանշանակ պատասխան կտա Իսրայելի ահաբեկչական գործողություններին. արտգործնախարար
Իրանը միանշանակ պատասխան կտա Իսրայելին, սակայն այն շատ լավ հաշվարկված կլինի. այս մասին Х սոցցանցում գրել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
«Իրանը միանշանակ կարձագանքի Թեհրանում Իսրայելի ահաբեկչական գործողություններին, և այդ արձագանքը կլինի կշռադատված և լավ հաշվարկված։ Թեհրանը տարածաշրջանում իրավիճակի սրացման չի ձգտում», – իտալացի գործընկեր Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցից հետո գրել է Արաղչին։
Հիշեցնենք` հուլիսի վերջին Թեհրանում սպանվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Նա Իրանի մայրաքաղաք էր մեկնել՝ մասնակցելու երկրի նոր նախագահի երդմնակալությանը: