Սահմանազատումն ու սահմանագծումը նույնական չեն հայ-ադրբեջանական հակամարտության ամբողջական կարգավորման հետ․ Մարկեդոնով
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, գրել է, որ օգոստոսի 30-ին Բաքվի և Երևանի ներկայացուցիչները ստորագրել են «սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը»։
Կողմերը հայտարարել են, որ սկսում են վարել, այսպես կոչված, «ներպետական ընթացակարգեր»:
«Ի՞նչ է սա նշանակում։ Առաջին հերթին՝ երկու երկրների ինստիտուտները պետք է ստուգեն գործող կարգավորումների համապատասխանությունն իրենց սահմանադրական օրենսդրությանը։ Սակայն ուշադրություն են գրավում այլ հանգամանքներ։ Ուշադրություն դարձնենք ամսաթվերին: Օգոստոսի 30-ին ստորագրվել է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը։ Բայց նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին բարձրացրել է Հայաստանի Սահմանադրության ճշգրտման անհրաժեշտության հարցը, քանի որ, նրա գնահատմամբ, հարևան երկրի հիմնական օրենքը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում իր պետության նկատմամբ։ Ալիևը հատկապես ընդգծել է, որ հակառակ դեպքում՝ Կովկասը տևական խաղաղություն չի տեսնի։ Ադրբեջանի ղեկավարը թվարկել է նաև այլ բողոքներ Երևանի դեմ՝ ֆրանսիական զենքի գնում, երրորդ երկրների հետ զորավարժություններ հայկական հողում և այլն»,- ընդգծել է Մարկեդոնովը։
Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 4-5-ն ադրբեջանական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ են հայտնվել հայկական կողմից իբր գնդակոծությունների մասին, ինչպես նաև կոշտ քննադատություն Ֆրանսիայի հասցեին՝ Ադրբեջան այցելելուց զերծ մնալու կոչերի համար։ Հայկական կողմը հերքել է իր առնչությունը զինված միջադեպերին:
«Ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել այս խիստ հակասական տեղեկատվությունից։ Սահմանազատումն ու սահմանագծումը նույնական չեն հայ-ադրբեջանական հակամարտության ամբողջական կարգավորման հետ: Բացի միջպետական սահմաններից, ոչ պակաս կարևոր են նաև ինքնության խնդիրները: Պետք է հստակ տարբերակել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են խաղաղության և խաղա վիճակի մասին փաստաթղթի ստորագրումը, ինչպես, օրինակ, պատերազմի բացակայությունը և երկկողմ հարաբերությունների նոր օրակարգի անցումը»,- ամփոփել է փորձագետը։