21 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ու Ադրբեջանը թիրախավորել են ՀՀ-ում ԵՄ առաքելությանը, որն օգնում է երկրին ամրապնդել իր ինքնիշխանությունը․ Euractiv

ՌԴ ու Ադրբեջանը թիրախավորել են ՀՀ-ում ԵՄ առաքելությանը, որն օգնում է երկրին ամրապնդել իր ինքնիշխանությունը․ Euractiv

Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության (EUMA) վերաբերյալ վերնագրերը վերջին շաբաթների ընթացքում գլխավորում են ԶԼՄ -ների էջերը, գրել է Euractiv-ը։ Նշվել է, որ չնայած իր դրական ներդրմանն՝ առաքելությունը մշտապես եղել է Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից համակարգված ապատեղեկատվական արշավների թիրախ՝ նպատակ ունենալով վարկաբեկել նրա դերն ու նպատակը՝ ներկայացնելով այն որպես տարածաշրջանում Արևմուտքի հիբրիդային պատերազմի գործիք:

EUMA-ի քաղաքացիական բնույթը ստիպել է ռուսական և ադրբեջանական աղբյուրներին մեղադրել առաքելությանը հետախուզության հավաքման մեջ: Մեկ այլ կրկնվող նարատիվով էլ առաքելությունը ներկայացվում է որպես ԵՄ քարոզչական գործիք Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ գործելու համար:

Ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցներն առաքելությունը որակել են որպես նեոգաղութային ԵՄ նախագիծ: Նրանք պնդում են, որ դա ԵՄ-ի ենթադրյալ ձգտումների մի մասն է՝ ընդլայնելու իր ազդեցությունը հակամարտությունների կարգավորման քողի տակ: Միևնույն ժամանակ նպատակ կա ապալեգիտիմացնելու առաքելությունը՝ այն ներկայացնելով որպես պարզապես անարդյունավետ՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական միջադեպերի զգալի նվազմանը:

«Հետաքրքիր է, որ վերոհիշյալ բոլոր պատմությունները շրջանառվել են նաև Հայաստանի ներսում Ռուսաստանին առնչվող ԶԼՄ-ների և փորձագետների կողմից: Չնայած առաքելությունը վարկաբեկելու Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների շարունակական ջանքերին, ԵՄ-ի շարունակական ներկայությունը և Կովկասում անվտանգության անկայուն իրավիճակի կայունացմանն ուղղված մեծ աջակցությունն օգնում են Հայաստանին ամրապնդել իր ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը», – նշվել է հոդվածում: