25 Հլս
2024
18° c ԵՐԵՎԱՆ
13.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծիծեռնակաբերդի տոմետները հայտնվել են ինչ-որ մեկի առանձնատանը․ քաղաքապետարանի պարզաբանումը

Ծիծեռնակաբերդի տոմետները հայտնվել են ինչ-որ մեկի առանձնատանը․ քաղաքապետարանի պարզաբանումը

Համացանցում ու մեդիադաշտում երեկվանից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
տանող ճանապարհից կադրեր են․ տոմետները, որոնք քանդվում են, շարքից
դուրս եկած չէին։ Քաղաքացի Արթուր Չախոյանը շտապել էր հուշահամալիր, որտեղ տեսել էր,
թե ինչպես են շինարարները քանդում ճանապարհը։

«Մոտեցել եմ, խոսել եմ շինարարների հետ, իրենք ոչնչից տեղյակ չէին,
չգիտեին՝ որ կազմակերպությունն է իրենց վարձել և ում համար են աշխատում։ Միայն տեղեկացրել
են, որ դա քաղաքապետարանի համար է։ Անգամ չգիտեին՝ ճանապարհն ասֆալտապատվելո՞ւ է, թե՞
մեկ այլ բան է կառուցվելու։ Իրենց ասել էին՝ քանդե՛ք, իրենք քանդում էին»,- ABC Media-ի հետ զրույցում ասաց Արթուր Չախոյանը։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից ABC Media-ին
տեղեկացրին, որ սալիկներն առողջ էին, դրանք քանդվել են, որպեսզի երբ համալիրում միջոցառումներ
տեղի ունենան կամ որևէ արտակարգ դեպք պատահի, շտապօգնության կամ հրշեջ մեքենաները կարողանան
ասֆալտապատ ճանապարհից օգտվել։

«Առողջ սալիկները կպահվեն Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն
ՀՈԱԿ-ում և, անհրաժեշտության դեպքում, կտրամադրվեն  Երևանի տարբեր վարչական շրջաններին։
Տոմետների տեղափոխման մասին տեսանյութերն առկա են, շուտով դրանք կհրապարակվեն»,- ասացին
լրատվության վարչությունից։

Իսկ Արթուր Չախոյանը պնդում է, որ իր ընկեր Էդուարդ Հայրումյանը
բեռնատարներից մեկի վարորդից տեղեկացել է, որ սալիկները տարել և թափել են աղբանոց։
Հետագայում իրենք սկսել են փնտրել տոմետները։

«Հետագայում բեռնատարների վարորդներից տեղեկացանք, թե որտեղ էր
այսպես կոչված «աղբանոցը»։ Դա առանձնատուն էր, որտեղ ինքներս մեր աչքով տեսանք նույն
տոմետները։ Ներս մտանք, ներկայացանք իբրև գնորդներ, արդեն պայմանավորվում էինք գնի
շուրջ, բայց նախքան առանձնատուն մտնելը մենք ֆեյսբուքյան ուղիղ եթերում էինք, իսկ տան
երկրորդ հարկից դա նկատել էին։ Երբ տեղյակ պահեցին, վաճառողները հրաժարվեցին մեզ վաճառել»,-
ասաց Չախոյանը։

Արթուր Չախոյանը առանձնատան հասցեն թողել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ծիծեռնակաբերդի տոմետները տեղափոխել են ինչ-որ մարդու առանձնատուն
ու արդեն իսկ վաճառվում են (չեմ մանրանալու…) ԲՈԼՈՐԻՆ հրավիրում եմ գեոլոկացիայով
գալ տվյալ հասցեով ու իրականությունը տեսնել սեփական աչքերով: Քաղաքապետարանի անօրինական
քայլերը այստեղ»,- գրել էր նա։