
Դրանք մեզ էլ են պետք․ Թրամփը՝ «Տոմահավկ» հրթիռների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի կարող սպառել իր «Տոմահավկ» հրթիռների պաշարները․ հայտնում է Սպիտակ տունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թրամփը, ի թիվս այլնի, նշել է, որ «Տոմահավկ» հրթիռները «շատ հզոր են, շատ ճշգրիտ ու շատ արդյունավետ, բայց մեզ էլ են դրանք պետք»։
«Մենք չենք կարող սպառել մեր պաշարները հանուն մեր երկրի անվտանգության»,- ընդգծել է նա։
Հարցին, թե արդյոք Պուտինը փորձել է համոզել Թրամփին չփոխանցել «Տոմահավկ» հրթիռներ Ուկրաինային, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Իհարկե, ի՞նչ եք կարծում։ Նա ասելու էր. «Խնդրում եմ, վաճառեք «Տոմահավկ»-նե՞րը»։ Թրամփը նաև կրկնել է, որ «ոչ ոք չի ցանկանում, որ «Տոմահավկ»-ները թռչեն իրենց ուղղությամբ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռների հնարավոր մատակարարման հարցը քննարկվել է երեկ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ։ Նախագահները պայմանավորվել են հանդիպել Բուդապեշտում, սակայն ամսաթիվ չի նշվել։


