
Ո՞վ է կազմակերպում «Աղոթքի նախաճաշ» անունը կրող միջոցառումը, ի՞նչ է հայտնում Մայր Աթոռը
Նոյեմբերի 14-15-ին Երևանում անցկացվելու է «Աղոթքի նախաճաշ» անվանումով միջոցառում։ Դրա համար բացվել է հատուկ կայք, որտեղ ցանկացողները գրանցվում են և ստանում էլեկտրոնային հաղորդագրություն՝ օրակարգի ու գտնվելու վայրի մասին տեղեկություններով։
Տեր Եսայի քահանա Արթենյանն ABC Media-ի հետ զրույցում նշեց, որ Մայր Աթոռը միջոցառման կազմակերպիչը չէ։ Այն կազմակերպում է «Իմ քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի ղեկավար Ստեփան Սարգսյանը։ Միջոցառումը կունենա մասնավոր հրավիրյալներ, որոնց մասնակցությունը՝ ի տարբերություն գրանցվածների, անվճար է։
Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը, որը գրանցվել է կայքում և ստացել օրակարգը, պատմում է, որ պանելային քննարկումներ են նախատեսված էթիկայի, բիզնեսի, «Թրամփի ուղու», արհեստական բանականության, կնոջ դերի, խաղաղության և այլ թեմաներով։
Նրա խոսքով՝ կազմակերպչական կոմիտեի կազմում ներառված է նաև «Փրկենք հալածվող քրիստոնյաներին» (Save the Persecuted Christians) նախաձեռնության անդամ Դենիս «Դեդե» Լաուգեսենը։ Նա ԱՄՆ-ում հանդես է եկել Արցախի մշակութային ժառանգության պահպանման և բռնի տեղահանվածների իրավունքների խախտումների թեմաներով։ Մարգարյանի կարծիքով՝ նրան ներգրավելով այս նախաձեռնության մեջ՝ փորձ է արվում թուլացնել Լաուգեսենի հայամետ գործունեությունը։
Հայ Դատի Ամերիկյան հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը կարծում է, որ «Աղոթքի նախաճաշը» հենց Փաշինյանն է հրավիրում։
Միջոցառման առաջին օրն անցկացվելու է Ազգային պատկերասրահում, երկրորդ օրը՝ «Մարիոթ» հյուրանոցում։ Ծրագրով նախատեսված է նաև այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և թանգարան։ Ռոբերտ Մարգարյանը ենթադրում է, որ միջոցառմանը կարող են մասնակցել կարգալույծ հոգևորականներ, և եթե Մայր Աթոռը նրանց մուտքն արգելի, միջազգային հյուրերի մոտ կարող է ստեղծվել սխալ տպավորություն։
Փորձել ենք կապ հաստատել կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի հետ՝ հասկանալու՝ մասնակցելո՞ւ է միջոցառմանը․ մեր զանգերը մնացին անպատասխան։
«Աղոթքի նախաճաշին» անդրադարձել է նաև միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Նրա խոսքով՝ այս միջոցառումը Փաշինյանի հեղինակությունը «մաքրելու» նպատակ ունի։
«Մարդ, որը հայտարարել է, որ պատրաստվում է հեռացնել Եկեղեցու առաջնորդին։ Եվ հիմա այդ մարդուն Երևանում ողջունում են ամերիկացի քրիստոնյաները, այն մարդուն, որը հոգևորականներին անվանում է «պոռնիկներ»․ մարդուն, որն այնպիսի բառապաշար է օգտագործում․․․ ես իմ այս տարիքում երբևէ չեմ լսել, որ երկրի ղեկավարը եկեղեցու առաջնորդների մասին խոսելիս նման բառապաշար օգտագործի։ Եվ, այնուամենայնիվ, այդ «Աղոթքի նախաճաշը» նախատեսվում է անցկացնել․ ես այն անվանում եմ «հեղինակության մաքրման նախաճաշ»,- ասել է Ամստերդամը։
Իսկ ինչ դիրքորոշում ունի Մայր Աթոռը միջոցառման վերաբերյալ, Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնեց, որ պատասխանները կտա վաղը։


