
Կառավարությունը առողջության ապահովագրության նախագիծը հաստատել է և ուղարկել ԱԺ՝ անհետաձգելի քննարկման
ՀՀ Կառավարությունը հաստատել է առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման նախագիծը, որը կուղարկվի խորհրդարան՝ անհետաձգելի ընթացակարգով քննարկման։
«Տիկին Ավանեսյան, հունվարի 3-ին մարդը շատ կերել, խմել ա, հավելվածն էլ քաշել ա, ի՞նչ անի»,- կառավարության նիստի ժամանակ հարցրեց Նիկոլ Փաշինյանը։
Անահիտ Ավանեսյանը բացատրեց կարգը, ըստ որի՝ պետք է զանգել շտապօգնություն, հիվանդին տեղափոխեն հիվանդանոց։ Հիվանդանոցը նրան ապահովագրության շրջանակներում կտրամադրի առաջնային օգնություն, և եթե վիրահատության կամ հիվանդանոցային բուժօգնության կարիք լինի, այդ հատվածը ապահովագրությունը կփակի։
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետք է հետևողական լինել, որպեսզի ծառայությունները ստանան նրանք, ովքեր օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունը ունեն։
«Շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ մարդկանց անունները գրած ա, ծառայությունների դիմաց վճարումներ ակնկալված են կառավարությունից, բայց կա՛մ ծառայությունը չի մատուցված, կա՛մ ծառայությունը մատուցված է այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը չկար։ Սա ամենամեծ ռիսկն է, որը պետք է հաշվի առնել։ Մեզ պետք է համակարգ ունենանք, որ դա կանխարգելվի»,- եզրափակեց Փաշինյանը։


