
ՀԷՑ-ի այսօրվա ղեկավարությունը կառավարում է մեր ձևով․ Դավիթ Ղազինյան
ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հերքել է «Տաշիր Կապիտալ»-ի կառավարման շրջանում Էլցանցերի բյուջեից բազմամիլիոն պարգևավճարների մասին գործող կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությունը։
«Երեկվա նիստի ընթացքում Ռոմանոս Պետրոսյանը երկու դիտարկում արեց․ առաջինը՝ ընդունեց, որ իր ֆեյսբուքյան էջում գրած թիվը իրականությանը չի համապատասխանում և բավականին ուռճացված էր, իսկ երկրորդ հայտարարության ժամանակ ասաց՝ «իմ անձնական էջն է»։ Կարելի է եզրակացնել, որ իր անձնական էջով գրված մինչև այսօր ամբողջ տրված ինֆորմացիան ճիշտ չէ»,- հայտարարել է Ղազինյանը։
Նա նշել է, որ բացի տնօրենների խորհրդից, որոնց ստացած աշխատավարձը և պարգևատրումները չեն մտնում սակագնի մեջ։ «Այսինքն՝ Սամվել Կարապետյանն իր գրպանից իր ներկայացուցիչներին վճարում է»,- ասել է Ղազինյանը՝ հիշելով միայն մեկ դեպք, երբ ֆինանսական տնօրենը 10 տարի աշխատելուց հետո, խոշոր պարգևավճար է ստացել։
Ղազինյանի խոսքով՝ ՀԷՑ-ն աշխատող օրգանիզմ է, և որևէ մեկը չի կարող հայտարարել, թե իր՝ գլխավոր տնօրեն լինելու դեպքում անհնար է, որ լինեն խախտումներ։
«ՀԷՑ-ի այսօրվա ղեկավարությունը կառավարում է մեր ձևով, քանի որ չունեն իրենց ձևը։ Կառավարիչն ունի իշխանական լծակներ, անգամ այդ դեպքում ասեմ՝ իրենց օրոք կատարվել է շատ լուրջ հավելագրման դեպք»,- նշել է Ղազինյանը։


