
Մոտ 143 մլն դրամ՝ Վաղարշապատի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման համար
Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը կազմում են մոտ 142 մլն 687 հազար դրամ: Գումարի զգալի մասը բաժին է ընկնում հանձնաժողովի անդամների և սպասարկող անձնակազմի աշխատավարձերին ու հավելավճարներին․ գրում է «Հետք»-ը։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հետք»-ին տրամադրած տեղեկատվությամբ՝ 79 մլն 981 հազար դրամ է նախատեսվել աշխատավարձերի վճարմանը:
36 մլն 288 հազար դրամ հատկացվել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում և թվով 47 տարածքային ընտրական հանձնաժողովներում տեսախցիկների տեղադրման, հեռարձակման գործընթացի կազմակերպման համար:
Մոտ 16 մլն 821 հազար դրամ նախատեսված է քվեաթերթիկների, վերջիններիս համար նախատեսված ծրարների, ինքնասոսնձվող դրոշմանիշերի, կտրոնների տպագրության նպատակով:
Միայն 652 հազար դրամ նախատեսված է հանձնաժողովների անդամների կնիքների պատրաստման համար»,- նշում է լրատվականը:



