
Փաշինյանի՝ «ներվերիս հետ մի խաղացեք, կփակեմ ԱԱԾ պադվալներում» արտահայտությունը Ձեզ չի՞ հուզում․ Արթուր Խաչատրյանը՝ ՀՀ գլխավոր դատախազին
Մարտի 1-ի հետ կապված ՄԻԵԴ-ի որոշման մեջ մի քանի անգամ հիշատակվել է, որ Հայաստանի իշխանությունները որոշ փաստաթղթեր չեն ներկայացրել կամ հարցումներին չեն արձագանքել։ Դա Ձեզ որոշակի գործողության դրդե՞լ է, թե՞ ոչ․ այսօր ԱԺ-ում, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Որպես քաղաքական գործիչ՝ Փաշինյանը, իհարկե, շահագրգռված էր, որ Մարտի մեկով Հայաստանի դեմ որոշում կայացվեր։ Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինքը պարտավոր էր քայլեր ձեռնարկել պաշտպանելու Հայաստանի Հանրապետության շահերը։ Եվ այս համատեքստում մենք ունենք ՄԻԵԴ-ի որոշում, որի համաձայն փաստաթղթեր չեն ներկայացվել։ Համագործակցությունը դատարանի հետ եղել է ոչ ամբողջական, և դրանով Հայաստանի Հանրապետությունը փաստորեն չի օգտագործել լիարժեքորեն պաշտպանելու իր իրավունքը և պարտավորությունը։ Արդյոք Դուք այստեղ պաշտոնական դիրքի չարաշահման տարրեր չե՞ք տեսնում»,- հարց ուղղեց պատգամավորը։
Երկրորդ հարցը վերաբերում էր նրան՝ բացահայտվա՞ծ է արդյոք Մարտի մեկի գործը, թե՞ ոչ։
«Եվ երրորդ հարցը՝ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում լիագումար նիստի ժամանակ, հերթական էքսցեսի ժամանակ ասաց՝ «Ներվերիս հետ մի խաղացեք, կփակեմ ԱԱԾ պադվալներում», նման մի բան, այսինքն՝ Ձեզ որպես գլխավոր դատախազ չի՞ հետաքրքրում, որ Նիկոլ Փաշինյանի ներվերի հետ խաղալը կարող է պատճառ դառնալ, որ մարդիկ հայտնվեն ԱԱԾ պադվալներում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Դատախազը նշեց, որ պատգամավորը ճիշտ գնահատական է տալիս Մարտի 1-ի գործով․ «Միայն, ինձ թվում է, այս հարցը չէիք տա, եթե իմանայիք, թե փաթեթը երբ է ներկայացվել Եվրոպական դատարան՝ 2015 թվականին, կոմունիկացիան 2015 թվականին է եղել։ Ձեր գնահատականները ճիշտ են, իսկ պաշտոնատար անձինք, որոնք դրա համար պատասխանատու են, առանձին դրվագ կա, և մի մասը, որը Հայաստանում չէ, կարծում ենք, մենք հեռակա վարույթով այս անձանց կկանչենք պատասխանատվության»։
Մյուս երկու հարցերի հետ կապված՝ նա ասաց․ «Իհարկե, շատ լավ գիտեք, որ դատախազության համար բացահայտում հասկացությունը կապվում է մեղադրական վերդիկտի հետ։ Ես, որպես գլխավոր դատախազ, Մարտի 1-ի հետ կապված քրեական արդարադատության առաքելությունը կհամարեմ ավարտված, երբ որ կլինի օրինական ուժի մեջ մտած վերդիկտ, մնացածը քաղաքական հայտարարություններ են»։


