
Խոր աշխարհաքաղաքական վերափոխումների ժամանակաշրջանում գրեթե 50 երկրներից առաջնորդներ կհանդիպեն ՀՀ-ում՝ քննարկելու կարևոր քաղաքական հարցեր․ Euronews
Գրեթե 50 երկրներից աշխարհի առաջնորդներ, այդ թվում՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, հանդիպում են Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։
Խոր աշխարհաքաղաքական վերափոխումների ժամանակաշրջանում գրեթե 50 երկրներից, այդ թվում՝ Եվրամիության բոլոր 27 անդամներից, առաջնորդներ կհանդիպեն երկուշաբթի օրը՝ դեմ առ դեմ քննարկելու կարևոր քաղաքական հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ-Իրան լարվածությունը․ գրում է Euronews-ը։
Գագաթնաժողովը համանախագահելու են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես սպասվում է, կհանդիպի մի քանի երկրների առաջնորդների հետ։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նույնպես կմասնակցի գագաթնաժողովին որպես հյուր։ Սա առաջին անգամ է, երբ ոչ եվրոպական երկիր մասնակցում է հանդիպմանը։
«Եվրոպան և Կանադան ավելին են, քան պարզապես համախոհ գործընկերներ. միասին մենք կառուցում ենք համաշխարհային դաշինք՝ խաղաղությունը, համատեղ բարգավաճումը և բազմակողմանիությունը պաշտպանելու համար»,- նշել է Կոշտան։
Ինչպես նշվում է, կկայանա նաև ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը, որին կմասնակցեն տասնյակ եվրոպացի առաջնորդներ, քանի որ նախկին խորհրդային երկիրը հույս ունի ավելի մոտենալ եվրոպական ծիրին՝ ձգտելով աստիճանաբար հեռանալ Ռուսաստանից։


