10 Մայ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարոտ. Արցախ

Կարոտ. Արցախ

Գարունն իր լիիրավ իրավունքների մեջ է մտել՝ կանաչով ներկելով բնությունը։ Կանաչն ինձ համար Արցախի գույնն է, առավելապես՝ Քարվաճառի։ Քարվաճառի կանաչը զմրուխտ է, Քարվաճառը գարնանը՝ դրախտային։ Խոտը հյութեղ կանաչ է, սաղարթախիտ ծառերը՝ կանաչի հազար ու մի մուգ և բաց երանգով։

Սարերը շերտ-շերտ բարձր կանգնած են՝ երկնքից վերև։ Մռավը, որ անմատչելի էր [թվում], ձյունածածկ, անտառները՝ ծաղկած ու կանաչած։

Կարոտը հիշողություն ունի, կարոտն անհանգիստ է ու անհարմար։ Չի նստում մի տեղ՝ ավերում է հոգուց միտք տանող ճանապարհն ու անընդհատ ծակծկում է սուր փշերով։

Կարոտը ստիպում է որոնել։ Բնության ամեն տեսարանում Արցախը փնտրելով՝ զուգորդվող հայրենիքի իմ բանաձևն եմ հորինել. Լոռվա ձորն ու սարերը առավելապես Մարտակերտին են նման, Նոյեմբերյանի շրջանը՝ Մարտունուն, Բերդի շրջանը տեղ-տեղ Շուշին է։

Կարոտն ստիպում է հիշել, թեև շուրջդ ամեն ինչ մոռացում է պարտադրում։

Արցախը ջնջվում է քարտեզից. մի ամբողջ Արցախ՝ Մարտակերտով ու Մոնթեաբերդով, Գանձասարով ու Ամարասով, որոնք այնքան նման են Լոռվան ու Տավուշին. բնությամբ, մարդկանցով, տեղ-տեղ՝ բարբառով։

Կարոտը ոչ մի կանոնի ու միջազգային իրավիճակի չենթարկվող հիշողություն ունի, անհարմար, մանրակրկիտ հիշողություն։ Հիշողություն, որ հաճախ մոռանալ է տալիս ներկան։

Կարոտածին հիշողությունը գիտի, որ Կոռնիձորից այնկողմ Արցախն է. ծաղկած, կանաչած Բերձորն է, ոլորապտույտով բարձրացող Շուշին, հնագույն հայկական շեներով Հադրութը, անմատչելի [թվացող] Քարվաճառը՝ երկնքի, գետի ու անտառների անգերազանցելի ներդաշնակությամբ։

Կարոտը հիշում է, նվաղում, ցավում։ Երբեմն հետ է քաշվում, թվում է, թե մարում է։ Հոգնում է, կարոտն անդադար ցավելուց հոգնում է։ Ու մեկ էլ հանկարծ, լեռան մի տեսարանից, 097 կոդով հեռախոսահամարի մի զանգից, խոտաբույսերով թեյի մի անուշ բույրից կարոտը ձգվում է, պրկվում, լարվում ու պայթում։

Անդադար զսպանակի պես վեր ու վար անելով՝ կարոտը հիշեցում է, որ մարդ ես, որ հիշում ես ու երևի՝ դեռ ապրում։

Կարոտն ազնիվ է, կարոտը հիշողություն ունի։

Թամարա Գրիգորյան

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026