
Հա՛մ ամուսին եմ կորցրել, հա՛մ երեխա, Արցախից եմ, բոմժի կարգավիճակում եմ, էս հարցը ո՞նց է լուծվելու․ կինը՝ Փաշինյանին
Ես իմ ընտանիքում ունեմ 2 զոհ, հա՛մ ամուսին եմ կորցրել, հա՛մ երեխա, հիմա իմ հարցը ո՞նց է լուծվում, ես Արցախից եմ եկել, հիմա բոմժի կարգավիճակով եմ․ Արցախից բռնի տեղահանված կինը դիմեց նախընտրական քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին։
Փաշինյանը հետաքրքրվեց՝ կինը միայնա՞կ է ապրում։
«Այո, մենակ եմ։ Ձեր տված գումարն ինձ չի հերիքի, որ ես տան հարց լուծեմ»,- ասաց կինը։
«Ինչքա՞ն եք ստանում»,- հետաքրքրվեց Փաշինյանը։
«Ես հիմա աշխատում եմ, 120 հազար եմ ստանում, դա էլ տալիս եմ տան վարձ, ոչ մի աջակցություն չեմ ստանում։ Մի հատ զինվորական թոշակ եմ ստանում՝ որպես զոհվածի մայր-կին, մեկ էլ հաշմանդամության»,- ասաց կինը։
Փաշինյանը նշեց, որ այս փուլում իրենք մեծ ընտանիքների համար բնակարանի հարցը լուծում են․ «Հիմա հաջորդ փուլում պիտի մտածենք, տեսնենք՝ նրանք, ովքեր մենակ են կամ երկու հոգով են, իրենց համար նոր ծրագիր անենք»։
«Ախր այդ նոր ծրագիրը մինչև անեք, ես էլ դիմադրողականություն չունեմ, որ պայքարեմ, ես աշխատեմ, տան վարձ տամ։ Էրեբունիում մեզ տեղ տվեք, ես այնտեղ մի հատ էկո տուն պատրաստեմ, մտնեմ, էլ վարձ չտամ»,- ասաց Արցախից տեղահանված կինը։
Փաշինյանը հանձնարարեց իր օգնականին, որ կինը կապվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքային խմբի հետ, և տեսնեն իրենց ծրագրերով որևէ մեկով կնոջ հարցը լուծում կստանա՞, թե՞ ոչ։


