
Կարբիում 13-ամյա տղային դասընկերները պարբերաբար բռնության են ենթարկել
Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին․ տեղեկացնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
«Մայիսի 11-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կարբի բնակավայրի դպրոցներից մեկում 13-ամյա անչափահասին դասընկերները պարբերաբար բռնության են ենթարկում։
Միջադեպի վերաբերյալ ո՛չ ուսումնական հաստատությունը, ո՛չ անչափահասի ծնողները ՆԳՆ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել։
Աշտարակի համայնքային ոստիկանների տեղեկություններով պարզվել է, որ ապրիլի 17-ին անչափահասի և համադասարանցիների միջև տեղի է ունեցել հրմշտոց, որին միջամտել են դասընկերները, այնուհետև տեղեկացրել են դասղեկին։
Անչափահասի մայրը մայիսի 11-ին հրավիրվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ հաղորդում է ներկայացրել, որ հրմշտոցի ընթացքում հարվածել են որդու գլխին, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել և բուժօգնության տեղափոխվել Կարբիի բուժամբուլատորիա, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են վիճաբանության մասնակիցների ինքնությունը։
ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրությունում:


