
Ձգտելով ապահովել երկարատև խաղաղություն Ադրբեջանի հետ` Հայաստանը ձգտում է նաև ամրապնդել ռազմական գործընկերությունը Հնդկաստանի հետ․ Eurasianet
Ձգտելով ապահովել երկարատև խաղաղություն Ադրբեջանի հետ` Հայաստանը միաժամանակ ձգտում է ամրապնդել ռազմական գործընկերությունը Հնդկաստանի հետ․ գրում է Eurasianet-ը։
Կայքն անդրադարձել է India Defense Resource Wing-ի (IDRW) տարածած զեկույցին, որի համաձայն՝ Հայաստանը մտադիր է ստեղծել սեփական ներքին արտադրական գծեր՝ հնդկական զինամթերք, այդ թվում՝ 155 մմ հրետանային արկեր և Pinaka հրթիռային համակարգեր արտադրելու համար։
Զեկույցում չի նշվել, թե որքանով են առաջ շարժվել երկկողմ քննարկումներն այս հարցի շուրջ, կամ որևէ գործարքի հնարավոր արժեքի միջակայքը։
Eurasianet-ն ընդգծում է, որ վերջին տարիներին Հարավային Կովկասը գործնականում դարձել է Հարավային Ասիայում Հնդկաստանի և Պակիստանի միջև դաժան մրցակցության շարունակությունը։ Մինչ Հայաստանը պաշտպանական կապեր է հաստատել Հնդկաստանի հետ, Ադրբեջանը և Պակիստանը, ինչպես նաև Թուրքիան, ստեղծել են անվտանգության ոլորտում գործընկերություն։
Հայաստանի համար Հնդկաստանի հետ ռազմավարական կապերի աճն արտացոլում է Երևանի ներկայիս լարված հարաբերությունները Ռուսաստանի՝ երկրի պատմական դաշնակցի հետ։
«Այս գործընկերությունը ոչ միայն ամրապնդում է Հայաստանի պաշտպանական կարողությունները, այլև թույլ է տալիս Հնդկաստանին ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, որտեղ այն բախվում է Թուրքիայի և Պակիստանի դաշինքների դիմադրությանը, որոնք աջակցում են Ադրբեջանին», – նշվում է Ատլանտյան խորհրդի կողմից 2025 թվականին հրապարակված վերլուծության մեջ։


