
Ի՞նչ է խաղադրույքին դրված Հայաստանի հունիսյան ընտրություններում․ Reuters
Հունիսի 7-ին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնցում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ձգտում է Արևմուտքի հետ ավելի սերտ կապեր հաստատել, մրցելու է մի շարք ընդդիմադիր կուսակցությունների հետ, որոնցից շատերը ռուսամետ են․ գրել է Reuters-ը։
Հարցումները և վերլուծաբանները կանխատեսում են, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» ամենաշատ ձայները կհավաքի, բայց չի հավաքի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ երկու երրորդի մեծամասնությունը։
Գործակալությունն ընդգծել է, որ 2018 թվականից իշխանության ղեկին գտնվող «Քաղաքացիական պայմանագիրը» նախընտրական շրջանի մեծ մասն անցկացրել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու իր առաջընթացը գովաբանելով։
Reuters-ը հիշեցրել է, որ Բաքուն, 2023 թվականին կայծակնային հարձակման արդյունքում, վերահսկողություն է հաստատել Ղարաբաղի նկատմամբ, ինչը ստիպել է տարածաշրջանի գրեթե բոլոր 100,000 էթնիկ հայերին փախչել Հայաստան։
Ըստ հոդվածի՝ Հայաստանի ընդդիմության շրջանում գերակշռում են ռուսամետ խմբերը, որոնցից մի քանիսը կապված են նախկին նախագահների հետ։ Ամենամեծ մրցակիցը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է, որն առաջադրվում է բիզնեսին աջակցող հարթակով և մեղադրում է Փաշինյանին Մոսկվայի հետ պատերազմ հրահրելու փորձի համար։
Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացել են 2023 թվականից ի վեր, երբ Ադրբեջանը գրավեց Ղարաբաղը՝ չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը։
Հայաստանը Ռուսաստանի գլխավորած տնտեսական միության անդամ է, և Մոսկվայից՝ խոշոր առևտրային գործընկերոջից, լիակատար անջատումը դժվար կլինի։ Երկիրը նաև մեծապես կախված է Ռուսաստանից և հարևան Իրանից՝ էներգիայի մատակարարման առումով, և ունի ռուսական մեծ ռազմական բազա։
Ռուսաստանն, իր հերթին, դժգոհություն է հայտնել դեպի Արևմուտք Հայաստանի շրջադարձի վերաբերյալ՝ ասելով, որ դա կարող է «բացասական քաղաքական և տնտեսական հետևանքներ» ունենալ Երևանի համար։
Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մի մասը նախատեսում է Հայաստանի տարածքով տարանցիկ միջանցքի կառուցում՝ Ասիան Եվրոպային ավելի լավ կապելու և Ռուսաստանը շրջանցելու համար։
Reuters-ը նաև նշել է, որ վերջերս առաջընթաց է գրանցվել Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ առևտրի ոլորտում, բայց, ընդհանուր առմամբ, գործընթացը դանդաղ է ընթացել։


