
Հիմա չենք հիշել, պարզապես Դատախազությունը հիմա է խախտումները գտել․ Գևորգ Պապոյանը՝ «Արարատ ցեմենտի» շուրջ աղմուկի մասին
Բոլոր ապօրինի գույքերի հետևից գնալու ենք․ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով «Արարատ ցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված աղմուկի մասին։
«Հիմա չենք հիշել, հիմա է Դատախազությունը գտել, այսինքն իրավական հիմքերը հիմա են ստեղծվել, և եթե 2018-ին գտնեինք՝ 2018-ին էինք անելու, 20-ին՝ 20-ին, 28-ին գտնեինք՝ 28-ին էինք անելու։ Եթե որևէ մեկին թվում է, թե դեռ իր ապօրինի գույքի հետևից չենք գնացել, դա իրեն երաշխավորում է, որ 28 թվին չեն գնալու, իրենք սխալվում են, որովհետև բոլոր ապօրինի գույքերի հետևից էլ գնալու ենք, և այդտեղ որևէ կոմպրոմիս որևէ օլիգարխի հետ չի կարող լինել»,- հայտարարել է Պապոյանը։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանը պետականացվելու է, որից անմիջապես հետո Դատախազությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Արարատ ցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։


