
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն ու առաջիկա ընտրությունները, որոնք կորոշեն ապագան․ միջազգային մամուլ
Հարավային Կովկասի այս երկիրը պատրաստվում է հաջորդ ամիս խորհրդարանական ընտրություններին։ Դեպի Արևմուտք Հայաստանի շրջադարձը տեղի է ունեում Ռուսաստանի կողմից աճող ճնշման ներքո․ գրում է Bloomberg-ը։
Այս ամիս Երևանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ Եվրոպական գագաթնաժողովի անցկացումն առաջացրեց Մոսկվայի զայրույթը։ Արգելվեց հայկական ծաղիկների ներմուծումը, իսկ ռուս պաշտոնյաները Հայաստանի գործողությունները որակեցին «անբարյացակամ»։ Կրեմլն այժմ սպառնում է բարձրացնել Հայաստանի անդամակցության հարցը Եվրասիական տնտեսական միությանը մայիսի 29-ին Ղազախստանում կայանալիք գագաթնաժողովում։
Ընտրություններին մասնակցող մի քանի ընդդիմադիր խմբեր ցանկանում են ավելի սերտ կապեր հաստատել Ռուսաստանի հետ։
Մոսկվայից հեռանալու Հայաստանի փորձը շարունակում է սահմանափակվել խոր տնտեսական և կառուցվածքային կախվածությամբ: Ռուսաստանը շարունակում է գերիշխել Հայաստանի էներգետիկ համակարգի հիմնական ոլորտներում: Ռուսաստանում աշխատող հայերի դրամական փոխանցումները շարունակում են մնալ եկամտի կարևոր աղբյուր հազարավոր տնային տնտեսությունների համար: Այնուամենայնիվ, մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրն արագացնում է մերձեցումը Բրյուսելի հետ։
IntelliNews-ը գրել է, որ Ռուսաստանը խստացրել է առևտրային սահմանափակումները Հայաստանի նկատմամբ։ Սա տեղի է ունենում Մոսկվայի և Երևանի միջև արագ վատթարացող հարաբերությունների ֆոնին, որը մի ժամանակ հետխորհրդային տարածքում ամենամոտ գործընկերներից էր, և հաջորդում է Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և արևմտյան ինստիտուտների հետ նրա փոխգործակցության շուրջ ամիսներ տևած քաղաքական լարվածությանը։ Վերջին վեճի կենտրոնում էներգետիկան է։
Սրացումը տեղի է ունենում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք լայնորեն դիտվում են որպես Փաշինյանի ներքին լեգիտիմության և արտաքին քաղաքականության ուղղության կարևորագույն փորձություն։
Ղարաբաղյան պատերազմում պարտությունը լրջորեն վնասել է հանրային վստահությունը Մոսկվայի անվտանգային պարտավորությունների նկատմամբ և դարձել է շրջադարձային կետ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեգծում։ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կայուն կերպով վատթարացել են Փաշինյանի օրոք։
Common Space-ը, անդրադառնալով ՀՀ-ի առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքներին, գրում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի դեպքում Հայաստանը, հավանաբար, կշարունակի իր ներկայիս ընթացքը՝ դիվերսիֆիկացնելով իր միջազգային հարաբերությունները և հաստատելով նոր գործընկերություններ ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան դերակատարների հետ, ինչը կհանգեցնի նրան, որ երկիրն ավելի կհեռանա ռուսական ազդեցությունից։
Պահպանողականների հաղթանակի դեպքում մեծ հավանականություն կա, որ Հայաստանը վերադառնա ավելի ուժեղ ռուսական ազդեցության ոլորտ։


