
ՆԳՆ-ի՝ ընտրություններին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունն անարգանք է դատարանի որոշմանը․ փաստաբան
Անցնող շաբաթվա ընթացքում տեղահանված 4 անձ դիմել է դատական պաշտպանության՝ իրենց ընտրական ցուցակներում ներառելու պահանջով, և 4 դիմումից 3-ի պահանջը բավարարվել է․ Արցախի երևանյան ներկայացուցչության առջև, որ նախորդ շաբաթն դատարանի վճռով անցել է ՀՀ կառավարությանը, ասաց փաստաբան Ռոման Երիցյանը՝ հստակեցնելով, որ այդ որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից ու վերանայման ենթակա չեն։
«Մյուս դիմումը մերժվել է զուտ միայն այն պատճառով, այն ենթակա է քննության ոչ թե քաղաքացիական, այլ վարչական դատավարության կարգով։ Այսինքն՝ դատարանը չի ասել, թե արցախցին չունի ընտրելու իրավունք։ Իսկ մյուս երեք ակտերով հստակ արձանագրվել է, որ արցախցին, անկախ «070» կոդով անձնագիր ունենալու, քաղաքացիություն ընդունել-չընդունելու հանգամանքից, ունի ընտրելու իրավունք։
Դատարանն ասում է՝ եթե դու այդ մարդուն շնորհել ես ՀՀ քաղաքացիություն կամ այդ մարդն ունի ՀՀ քաղաքացիություն, ապա կառավարության որոշմամբ այն դադարել չի կարող։ Եվ քանի որ սահմանադրությամբ ու Ընտրական օրենսգրքի ուժով ՀՀ քաղաքացին ունի ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք, ուստի արցախցիներն այդ պարզ տրամաբանությամբ կարող են մասնակցել սպասվող ընտրություններին»,- նշեց Երիցյանը։
Ըստ փաստաբանի՝ Ներքին գործերի նախարարությունն անհեթեթ հայտարարություն էր տարածել, թե ովքեր կարող են մասնակցել ընտրությանը, ովքեր՝ ոչ։ Ըստ բանախոսի՝ այդ հայտարարությունն անարգանք է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմանը։


