
Ավելի քան 6 մլն դոլար․Պելեի 10 համարի կապույտ մարզաշապիկը հանվել է աճուրդի
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեի խորհրդանշական կապույտ՝ 10 համարի մարզաշապիկը, որը նա կրել է 1958 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում, աճուրդի է հանվել․ գրում է The Guardian-ը։
Բրազիլացի ֆուտբոլիստը 17 տարեկան էր, երբ երկու գոլ խփեց Շվեդիայի դեմ խաղում՝ 5։2 հաշվով հաղթանակ ապահովելով Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի համար և օգնելով թիմին նվաճել իր առաջին աշխարհի գավաթը։ Հենց այդ ժամանակ հայտնի ֆուտբոլիստն իր անունը հավերժ ամրագրեց ֆուտբոլի պատմության մեջ։
Այժմ Sotheby’s աճուրդային տունն ակնկալում է, որ մարզաշապիկի հարուստ պատմության շնորհիվ հաջորդ ամիս Նյու Յորքում կայանալիք աճուրդում այն վաճառվի ավելի քան 6 միլիոն դոլարով։
Եթե մարզաշապիկը վաճառվի ակնկալված գումարով, այն կդառնա երբևէ վաճառված ամենաթանկ ֆուտբոլային իրերից երկրորդը։ Նշված արժեքից ավելի թանկ վաճառվել էր արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մարզաշապիկը, որը նա կրել էր 1986 թվականին Մեքսիկայում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ Անգլիայի դեմ խաղում, երբ խփեց «Աստծո ձեռքը» հայտնի գոլը։ Այդ մարզաշապիկը 2022 թվականին վաճառվել է 9․3 միլիոն դոլարով։


